Հայաստանում 100 տարին լրացած 85 մարդ է բնակվում
Արդեն 25 տարի է աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը հայտնեց, որ վերջին տարիներին հանրապետոության բնակչության թվաքանակում տարեցների թվի ավելացման միտում է նկատվում:
«63 տարեկան և բարձր մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ շուրջ 387 000 մարդ: Այս վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանը ծերացող երկիր է»,- նշեց նա:
Անահիտ Գևորգյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում բնակվում է 100 տարին լրացած 85 մարդ, ամենատարեց բնակիչը ապրում է Գեղարքունիքի Երանոս գյուղում՝ 115 տարեկան, իսկ Երևանում 100 և ավելի բարձր տարիքի 22 բնակիչ կա:
Տարեցների հիմնահարցերի բաժնի պետի խոսքով՝ բնակչության մեջ տարեցների թվի ավելացումը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, արտագաղթով, նաև երկարակեցության միտումներով: Նա նշեց նաև, որ սա վկայում է ևս մեկ փաստի մասին, որ բնակչության մեջ աշխատող տարիքի մարդկանց թիվն է պակասում:
Անդրադառնալով նախարարության կողմից տարվող աշխատանքներին, Անահիտ Գևորգյանը նշեց, որ չմերժելով հինը՝ նոր մեթոդներ են կիրառում այս ոլորտում բարեփոխումների համար:
«Եթե մի երկու տասնամյակ առաջ Հայաստանը որդեգրել էր միայն տարեցների սոցիալական կարիքների, մասնավորապես՝ նյութական ապահովման բավարարման ուղղված քաղաքականություն, ապա այսօրվա հրամայականը մեզ ստիպում է տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում փոխել մարտավարությունը: Այսինքն տարեցների սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում կատարել դեպի առողջ և ակտիվ կենսակերպ՝ վարելով ծերացմանն ուղղված գործողությունների իրականացում: Կկատարվի կարիքների գնահատում, ինչը հնարավորություն կտա, որ օգտագործվի նրանց ֆիզիկական, սոցիալական ու մտավոր ներուժը»,- մանրամասնեց նա:
Նա նկատեց, որ միջազգային փորձը փաստում է, որ ծերացման հիմնահարցերի ոլորտում արձանագրված հաջողությունները հիմնականում պայմանավորված են տարեցների համար առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովման, ողջ կյանքի ընթացքում կրթության ապահովման, ավելի երկար աշխատանքային կյանքի ապահովման, ինչպես նաև սոցիալական այլընտրանքային ծառայությունների ներդրման ուղղություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում