Հայաստանը տեղեկատվական պատերազմների բնագավառում մեծ փորձ ունի. Սամվել Մարտիրոսյան
Ոչ ոք չի կարող հստակ նկարագրել՝ որն է հիբրիդային պատերազմը: Բայց ընդհանուր առմամբ ոչ ավանդական մեթոդների կիրառումը համարվում է հիբրիդային պատերազմի կոմպոնենտ: Հիբրիդային պատերազմի բաղադրիչներ է համարվում քարոզչական պատերազմը, որն այսօր ունի բազմաթիվ նոր մեթոդներ՝ սկսած սոցիալական ցանցերի կիրառում, կիբերհարձակումներ: Ընդհուպ կան դեպքեր, երբ կիբերհարձակումները բերել են ֆիզիկական լուրջ վնասնեսրի՝ ենթակառուցվածքային մակարդակով: «Արդի պայմաններում հիբրիդային պատերազմներին հավաքական անվտանգության համակարգի արդյունավետ հակազդման խնդիրները» խորագրով միջխորհրդարանական լսումների ժամանակ լրիագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Հիբրիդային պատերազմի տարրերի կիրառում կարելի է տեսնել նաև ղարաբաղյան հակամարտության ընթացքում՝ քարոզչական պատերազմ, կիբերհարձակումներ: Սա կարելի է համարել քողարկված պատերազմ, բայց միաժամանակ ակնհայտ է, որ հակամարտող կողմերը շատ ակտիվ են գործում: Հիբրիդային պատերազմն այն պատերազմն է, որ հստակ սահմաններ գոյություն չունեն: Տեխնիկական միջոցներն այսօր թույլ են տալիս գործողություններ իրականացնել խորը թիկունքում»,- նշեց փորձագետը՝ շեշտելով, որ այսօր գրեթե բոլոր հակամարտություններն էլ հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով, կիսաթեժ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանը պետք է հաշվի առնի այս նրբությունները: Ավելին, մեր երկիրն այս ոլորտում տեղեկատվական պատերազմների բնագավառում բավական մեծ փորձ ունի:
«Փաստացի, ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր նաև տեղեկատվական պատերազմ է ընթանում: 2000-ականներից այդ պատերազմն անցել է համացանցային դաշտ: Փաստացի, համացանցը հանդիսանում է պատերազմի ճակատներից մեկը: Հայ-ադրբեջանական ամենաթեժ կիբեր ընդհանրումը եղել է 2012 թվականին, երբ Հունգարիան Սաֆարովին արտահանձնեցին: Մի քանի օրվա մեջ եղավ շատ լուրջ ընդհարում:
Տուժեցին երկու կողմերն էլ: Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմի ներկա փուլին, ապա ակնհայտ է, որ վերջին մեկ-երկու տարում Ադրբեջանը կիբերմիավորումներ է ձևավորում: Եթե վերլուծենք հայկական կողմի գործունեությունը, ապա առնվազն կարող ենք տեսնել բաց տեղեկատվություն, որ բանակն ամեն զորակոչի հայտարարում է կիբեր միավորումների համալրման մասին»,- նշեց ՏՏ ոլորտի մասնագետը: