Վահագն Չախալյան. Կոչ ենք ուղղում ջավախքահայությանը տուրք չտալ խառնակիչ սադրանքների
Ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած բախումներից հետո անդորրի կոչով է հանդես եկել: Նա մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 30-ին հայաբնակ համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, ապա կոչեր արել ուղղված թե գյուղացիներին, թե Վրաստանի իշխանություններին:
«Գումբուրդոյի եկեղեցու հարևանությամբ հայտնաբերված նախնիների ոսկորների վերաթաղման և այդ աճյունների վրա խաչքարի տեղադրման խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը մի անգամ ևս բացահայտում է երկու երևույթ:
Առաջինը՝ Վրաստանի իշխանությունները Վրաստանի հայության ազգային-մշակութային և կրոնական իրավունքների նկատմամբ շարունակում են վերաբերվել անհասկանալի վերապահությամբ՝ տուրք տալով թուրք-ադրբեջանական տնտեսական և քաղաքական ճնշումներին:
Երկրորդը՝ խնդիրների չլուծված մնալու կամ դանդաղ լուծում ստանալու վիճակից շարունակում են օգտվել տարբեր պատեհապաշտ և անպատասխանատու տարրեր, որոնք ձգտում են տարածաշրջանի ապակայունացման հաշվին հասնելու իրենց նեղ տնտեսական և քաղաքական նպատակներին:
Արդ կոչ ենք ուղղում Վրաստանի իշխանություններին անհապաղ տրամաբանական և կառուցողական լուծում տալ Գումբուրդո համայնքում խաչքարի տեղադրման հարցին և չհրահրել ջավախքահայ բնակչության դժգոհությունը: Դրա հետ մեկտեղ, կոչ ենք ուղում ջավախքահայությանը տուրք չտալ խառնակիչ և պատեհապաշտ տարրերի վտանգավոր և անհեռանկար սադրանքներին:
Վերջին ամիսներին Վրաստանում հայության իրավունքների ոլորտում ինչպես նաև Վրաստան-Հայաստան հարաբերությունների շրջանակներում արձանագրվել է զգալի առաջընթաց: Հակառակ տեսանելի դրական ընթացքին, առիթ ենք ունեցել հայտարարելու, որ ջավախքահայության և ընդհանրապես վրացահայության իրավունքների գծով բարեփոխումները դանդաղ են ընթանում և չեն համապատասխանում հայ բնակչության ակնկալիքներին:
Արդ, Վրաստանի իշխանություններին կոչ ենք ուղղում հավասարակշռված գործողություններով անմիջապես անդորր հաստատել Ջավախքում, սկսել կառուցողական երկխոսություն տարածաշրջանի հայ ղեկավարների հետ հանուն խաղաղության, հանուն մարդու և ազգային իրավունքների իրացման երաշխիքների ամրապնդման:
Իրավիճակն ապակայունացնող տարրերին խորհուրդ ենք տալիս չդառնալ թուրք-ադրբեջանական ծրագրերի գործիք և սեփական մանր շահերով չտարվել: Հակառակ դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն նրանց մեքենայությունները բացահայտելու և անդորրը վերականգնելու ուղղությամբ:
Հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունները Թուրքիա-Ադրբեջան տնտեսական և քաղաքական միությանը, նրանց պանթուրքիստական նկրտումներին դիմակայելու գլխավոր ասպարներից է, և մենք իրավունք չունենք թույլ տալու, որ դրանց վտանգ սպառնա: Ինչպես երեկ, նաև այսօր և վաղը մենք շարունակելու ենք պայքարել հանուն օրենքի, իրավունքի և խաղաղության, հանուն տարածաշրջանում անկախ և ուժեղ հայկական ու վրացական պետականությունների հարատևման գերագույն նպատակի»,-ասված է Չախալյանի կոչում:
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքցիների ու վրացի ոստիկանների բախումների հետևանքով վիրավորներ կան
- Ձերբակալված ախալքալաքցիներն ազատ կարձակվեն
- Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
- Քննարկվել է Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը
- Վերականգնվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի եկեղեցին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին