Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում 13 տարի անց 4 մլն բնակչություն ունենալը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հնարավոր է համարում մինչև 2040 թվականը 4 մլն բնակչություն ունենալը:
«Իրականացվել են համապատասխան վերլուծություններ, հաշվարկներ, ուսումնասիրություններ»,-ասաց նախարարը լրագրողների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար, նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում»:
Լրագրողները հետաքրքրվեցին, արդյո՞ք իրատեսական է այդ թիվը՝ հաշվի առնելով ծնելիության ցածր ցուցանիշը, արտագաղթը:
Նախարար Ասատրյանն ասաց, որ բնական հավելաճի հաշվին ժողովրդագրական ցուցանիշն ապահովելը շատ ռիսկային է. «Մենք պետք է հաշվի առնենք միգրացիոն հոսքերը: Դրանք հիմա աշխարհում բավականին ինտենսիվացել են: Այդ առումով Հայաստանի Հանրապետության բնակչությունն ավելացնելու, ինչու ոչ նախանշված ցուցանիշներին հասնելու համար պետք է ունենալ նաև մեխանիկական ներհոսք, հայրենադարձություն, դրսում գտնվող քաղաքացիների վերադարձ»:
Արտեմ Ասատրյանի խոսքով, կառավարության բոլոր քայլերն ու ծրագրերը միտված են աշխատատեղերի ստեղծմանը, սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելմանը:
«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է այդ պայմանների ստեղծումն ապահովենք, առաջին հերթին՝ կառավարությունը: Այդ առումով պակաս կարևոր չեմ համարում ձեր կողմից համապատասխան նախադրյալների մասին առավել առարկայական քննարկումներ ունենալը: Կարծում եմ, որ դա մեր բոլորիս նպատակն է ու համատեղ կատարելիք աշխատանքի արդյունք պետք է լինի»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տարեցներին աշխատաշուկայում երկար պահելու հարցերը՝ ուշադրության կենտրոնում
- Արտեմ Ասատրյան. Կուտակային կենսաթոշակային համակարգի ոչ պետական հատվածի մասնակիցներն ավելի շատ են
- Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ. Կարեն Կարապետյան՝ բնակչությունը 4 մլն հասցնելու մասին