ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բրյուսելյան գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից կարող է լինել. Նալբանդյան
Հայաստանը սերտ կապեր ունի Եվրոպական միության հետ, մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Երևանում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եվրոպական միությունը արժեքավոր աջակցություն է ցուցաբերում մեր երկրում ընթացող բարեփոխումներին, սատարում մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության շարունակական խթանման, ժողովրդավարական ինստիտուտների և հաստատությունների առավել ամրապնդման, դատական համակարգի ու արդյունավետ կառավարման բարելավման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող ջանքերին», - նշեց նախարարը:
Է. Նալբանդյանը նախ հիշեցրեց, որ ավարտվել և նախաստորագրվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլյանված գործընկերության համաձայնագիրը, ապա հավելեց, որ դրա ստորագրումը նոյեմբերին Բրյուսելում կայանալիք Եվրամիություն-Արևելյան գործընկերության գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից մեկը կարող է հանդիսանալ:
Նա նշեց, որ բրյուսելյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները կարևոր տեղ էին զբաղեցնում հանձնակատար Հանի հետ իրենց քննարկումներում, մտքեր են փոխանակել գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրի վերաբերյալ:
Նախարարի խոսքով, ՀՀ-ԵՄ օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում մարդկանց միջև շփումների խրախուսումը. «Վիզային ռեժիմի ազատականացումը հանդիսանում է շարժունակության և մարդկանց միջև շփումների խորացման կարևոր բաղադրիչներից մեկը, ինչն ամրագրված է Վիլնյուսի և Ռիգայի գագաթաժողովների հռչակագրերում»:
Նա նշեց, որ օրակարգը համալրվում է նոր բովանդակությամբ, մասնավորապես Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնման, առաջարկներ կան ԵՄ և Արևելյան գործընկերության երկրներում ռոումինգի սակագների հարմոնիզացիայի նվազեցման, գործընկեր երկրներում տեղական արժույթով փոքր և միջին ձեռնարկություների զարգացման ֆինանսավորման վերաբերյալ:
«Համոզված եմ, որ մեր փոխգործակցությունը կհամալրվի նաև այլ փոխշահավետ ծրագրերով»,- նշեց Է. Նալբանդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ԵՄ-ի հետ աշնանը ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր. Սերժ Սարգսյան
- Ակնկալում ենք այս տարվա աշնանը ստորագրել ՀՀ-ԵՄ միջև համաձայնագիրը. Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան