Տարին ինտենսիվ է եղել ՀՀ ՊՆ համար ռազմադիվանագիտական կապերի ակտիվացման առումով
«Այս տարվա կարևորագույն ուղղություններից էր ռազմադիվանագիտական կապերի ակտիվացումը: Ինտենսիվ տարի է եղել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ տարին:
Նա նշեց, որ տարվա ընթացքում կատարել է պաշտոնական այց ՌԴ, որը պաշտպանության նախարարության գծով վերջին տարիների ընթացքում առաջին այցելությունն էր, պաշտոնական այցերով եղել է Վրաստանում, Իրանում, որտեղ շատ կարևոր խնդիրներ ունեն լուծելու կապված ԶՈՒ մատակարարման, տարանցման, փոխգործակցության հետ, ունեցել է պաշտոնական այցեր Հունաստան, Կիպրոս, Չինաստան:
Նախարարի խոսքով, այցերի ընթացքում ստորագրվել են մի շարք առանցքային պայմանագրեր, երկկողմ փոխգործակցության ծրագրեր, որոնք Հայաստանի ռազմադիվանագիտական կապերի պարբերականությունն ապահովող կարևորագույն գործիքներից են:
Պատասխանելով կոնկրետ Չինաստան կատարած այցի արդյունքների մասին հարցին, մասնավորապես այդ երկրից զենքի գնման, նա նշեց. «Մենք Չինաստանում չենք պայմանավորվել զենք-զինամթերք մատակարարելու մասին, բայց ունեցել ենք շատ կարևոր հանդիպումներ և քննարկումներ ռազմաքաղաքական երկխոսության և փոխգործակցության ծրագրերի մասին: Հայաստանի Զինված ուժերը երկար տարիներ ունեն նաև Չինաստանից ներկրված որոշ զինատեսակներ, որոնք ցուցադրվել են մեր զորահանդեսների ժամանակ: Բազմիցս ասել եմ` մենք բաց ենք ցանկացած երկխոսության համար»:
Վ. Սարգսյանը նաև ասաց. «Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ: Դրա առաջիկա գնման, հնարավոր գնման, այստեղից կամ այնտեղից ձեռք բերելու մասին խոսակցություններն անօգուտ են, անիմաստ, առաջին հերթին, որովհետև դա դժվարացնում է բոլոր նման գործընթացները, երկրորդ՝ դա քո հեռանկարային ծրագրի բացահայտումն է, որը նաև հակառակորդին թույլ է տալիս հակամիջոցներ ձեռնարկել»:
Հարակից հրապարակումներ`
- Ունենք բաներ, որոնցով կարող ենք հպարտանալ. Պաշտպանության նախարար
- Տարին բավական հաջող էր ԶՈՒ սպառազինությամբ հագեցման առումով. Վիգեն Սարգսյան
- Փորձելու ենք կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների թիվը. Պաշտպանության նախարար
- Վիգեն Սարգսյան. Այս տարի մարտական ծառայության մեջ ներդրել ենք Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ