Կատալոնիայի ղեկավարի գնահատմամբ՝ հանրաքվեի արդյունքները տպավորիչ են
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչդեմոնը Իսպանիայից անկախանալու հանրաքվեի արդյունքները գնահատել է տպավորիչ:
«Քաղաքացիների տպավորիչ պատասխան: Լեգիտիմություն և արժանապատվություն»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ Թվիթերի իր էջում հանրաքվեի արդյունքները այսպես է մեկնաբանել նա:
Նշենք, որ նախօրեին Կատալոնիայում կայացել է հանրաքվե՝ Իսպանիայից անկախանալու հարցով, որը Մադրիդը համարում է անօրինական և որի անցկացումը թագավորության Սահմանադրական դատարանի կողմից արգելվել էր:
Կատալոնիայի կառավարության ղեկավարը կոչ է արել Եվրամիությանը չանտեսել իսպանական ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումները և Մադրիդի հետ երկխոսելու պատրաստակամություն է հայտնել:
Կատալոնիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ժ. Տուրուլը հայտարարել է, որ Իսպանիայից անկախանալու օգտին է քվեարկել հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը: Ընդհանուր առմամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 5,3 միլիոնից 2,3 միլիոն մարդ:
Հանրաքվեի ընթացքում բախումներ են եղել ոստիկանների և հանրաքվեի մասնակիցների միջև: Ոստիկանները ցանկացել են ընտրական տեղամասերը վերցնել իրենց հսկողության տակ: Տուժել է 844 քաղաքացիական անձ, 33 ոստիկան:
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Կատալոնիայում «չի անցկացվել ինքնորոշման հանրաքվե»: Միաժամանակ պատրաստակամություն է հայտնել օրենքի շրջանակում երկխոսել Բարսելոնի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Կատալոնացիները Բարսելոնայի կենտրոնում անկախության հանրաքվեի դեմ բողոքի ցույց են կազմակերպել
- Ասանժը Կատալոնիայում ստեղծված իրավիճակն անվանել է «առաջին համացանցային պատերազմ աշխարհում»
- Կատալոնացիներ. «Մենք կքվեարկենք»
- ԵՄ հանձնաժողովի նախագահ․ Ես կհարգեմ Կատալոնիայի անկախության «այո»-ն
- Իսպանիայի պաշտպանության նախարարը վստահեցրել է՝ Կատալոնիայում հանրաքվե չի անցկացվի
- Կատալոնիան պաշտոնապես կխնդրի Մադրիդին՝ բանակցություններ սկսել անկախության հանրաքվեի շուրջ