Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բեկումնային նոր փաստաթուղթ է. Հան
Հայաստանը սերտ կապեր ունի ԵՄ հետ և մտադիր է ընդլայնել համապարփակ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Այս մասին նշել է Հայաստանի Էդվարդ Նալբանդյանն այսօր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմանը։
ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանձնակատար Հանը կարևորել է Հայաստանի հետ շարունակական արդյունավետ երկխոսությունը։
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ երկկողմ հանդիպումներն ու երկխոսությունը կրում են պարբերական բնույթ, ինչը լավ հնարավորություն է ընձեռում քննարկելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների օրակարգի բազմաբնույթ հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն արժևորել է ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Նա անդրադարձել է Ռիգայի գագաթաժողովից ի վեր Հայաստան - Եվրամիություն համագործակցության արձանագրած ձեռքբերումներին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, մտքեր են փոխանակվել գագաթաժողովի Եզրափակիչ հռչակագրի շուրջ:
Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտն ու նախաստորագրումը՝ ընդգծելով, որ այն կարող է դառնալ գագաթաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկը:
Հանձնակատար Հանի բնորոշմամբ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բեկումնային նոր փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության կազմում, միևնույն ժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերություն է հաստատում ԵՄ-ի հետ։ Անդրադառնալով Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և «Գործընկերության առաջնահերթությունների» փաստաթղթին, հանձնակատար Հանը նշել է, որ դրանք կարող են օրինակ ծառայել այլ երկրների համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հրատապ միջազգային խնդիրներ, մերձավորարևելյան զարգացումները, իրավիճակը Սիրիայում, իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, իրավիճակը կորեական թերակղզում։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը։ Հանձնակատար Հանը վերահաստատել է Եվրամիության անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն առաջամարտիկ է. Յոհանես Հան
- ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը բրյուսելյան գագաթաժողովի հիմնական ձեռքբերումներից կարող է լինել. Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան