Մելանյա Ստեփանյան. Մեզ պարզապես չթողեցին օլիմպիական խաղեր
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մեկնաբանել է Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կայացած Nebelhorn Trophy 2017 վարկանիշային մրցաշարի արդյունքները:
«Խոսքեր չունեմ: Շատ դժվար է խոսել կատարվածի մասին: Մեզ պարզապես չթողեցին ձմեռային օլիմպիական խաղեր: Մեր մարզիկների ելույթներից հետո բոլորը մեզ շնորհավորում էին, բայց մրցավարներն այլ կարծիքի էին: Անաստասիան և Թինան արտասվում էին անարդարության պատճառով: Մարզիկների տարիների աշխատանքը ջուրն ընկավ:
Ինչպես գիտեք, յուրաքանչյուր մրցաձևում խաղարկվում էր վեցական ուղեգիր: Իրավիճակն այսպիսին է. Անաստասիան 8-րդն է, բայց Գերմանիան ներկայացնող գեղասահորդուհին (4-րդ տեղ) արդեն օլիմպիական վարկանիշ ուներ և հանդես էր գալիս մրցակցությունից դուրս: Այսպիսով, Նաստյան առաջին պահեստային է, այն դեպքում, եթե որևէ մեկը չկարողանա հանդես գալ օլիմպիական խաղերում:
Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը 8-րդ հորիզոնականում է: Նրանց նախորդում են Սլովակիայի և Լիտվայի զույգերը: Սա նշանակում է երկրորդ պահեստայինի կարգավիճակ, չնայած իմ տեղեկություններով այդ զույգերից առնվազն մեկի հետ հնարավոր է՝ Խաղերին մասնակցելու փաստաթղթերի ձևակերպման հետ կապված խնդիրներ առաջանան: Ամեն դեպքում հույսներս դնում ենք սպորտային բախտի վրա»,-ասել է Մելանյա Ստեփանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան