Տարեցներին աշխատաշուկայում երկար պահելու հարցերը՝ ուշադրության կենտրոնում
«Ցանկանում եմ, որ մեր տարեցները առողջ, երկար և արժանապատիվ կյանքով ապրեն՝ շրջապատված իրենց զավակներով, թոռներով», - ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ այսօրվա ասուլիսը սկսելով տարեցների միջազգային օրվան նվիրված շնորհավորանքով:
Նշենք, որ արդեն 25 տարի է աշխարհում հոկտեմբերի 1-ը նշվում է որպես Տարեցների միջազգային օրը:
Նախարարը կարևորեց պետության կողմից վարվող սոցիալական քաղաքականությունը այդ ոլորտում, քանի որ Հայաստանը զերծ չի մնացել ծերացման հիմնախնդիրներից: Այսօր, ըստ նախարարի, մեր բնակչության շուրջ 11 տոկոսը տարեցներն են:
Արտեմ Ասատրյանն, անդրադառնալով կառավարության նախորդ նիստի ժամանակ վարչապետի տված հանձնարարականին, որի համաձայն՝ տարեցների սոցիալական պաշտպանության բնագավառում սոցիալական պաշտպանությունից ու խնամքից անցում պետք է կատարել դեպի առողջ և ակտիվ ծերացմանն ուղղված գործողությունների իրականացման, նշեց, որ այս հիմնախնդիրն ամբողջ աշխարհում բավականին արդիական է և ներկայումս ակտիվ քննարկումների փուլում են գտնվում այն հարցերը, թե ինչպես անել, որ տարեցները երկար ժամանակ լինեն աշխատաշուկայում:
«Իհարկե, հաշվի առնելով երիտասարդների գործազրկության խնդիրը, առաջանում է որոշակի հարցադրում՝ ինչպես լուծել խնդիրը, որպեսզի աշխատաշուկայում տարեցներին հնարավորինս երկար պահենք, միաժամանակ ինչպես լուծենք երիտասարդության գործազրկության խնդիրը»,- ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ եվրոպական, կարծես, արդեն առարկայական լուծումներ են տվել այս խնդիրներին: Մասնավորապես, օգտագործելով եռակողմ սոցիալական գործընկերության սկզբունքը՝ կառավարություն-գործատուներ-արհմիություններ, իրականացնում են աշխատաշուկայի նպատակային վերլուծություն: Ըստ նրա՝ հատկապես այն աշխատատեղերը, որոնք առավելապես կարող են զբաղեցված լինել տարեց մարդկանցով, և այդ աշխատատեղերում ձգտումները երիտասարդների հետ կապված ավելի քիչ են, նպատակային ծրագրերի միջոցով կարողանում են լուծումներ տալ այս հարցերին:
Տարեցներն ունենալով բազմամյա փորձ, ըստ նախարարի, խնդիր ունեն նաև ինտերգրված լինել հասարակությանը: Այս առումով Արտեմ Ասատրյանը կարևորեց ոչ միայն խնամքի ծառայությունների բարելավումը, այլև տարեցների ներուժը հնարավորինս օգտագործելը:
Նշենք, որ 2017 թվականի մայիսին ՀՀ Կառավարությունը հավանության է արժանացրել «Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագիրը», որի նպատակն է ստեղծել բարենպաստ և առողջ միջավայր տարեց մարդկանց համար՝ ապահովելով նրանց արժանապատիվ ծերացման գործընթացը:
Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ մեկ տարվա ընթացքում աշխատանքներ են տարել համայնքների հետ, վերլուծել են տարբեր մարզերում տարեցներին անհրաժեշտ ծառայությունների տեսականին և արդեն համայնքերի ղեկավարների, մարզպետների հետ նախագծվել են տվյալ բնակավայրում, համայնքում տարեցների հետ կապված համատեղ որոշակի ծրագրեր:
«Այս առումով առաջիկայում կունենանք առարկայական լուծումներ»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վալերի Թորոսյան. Այն, ինչ կորցրեցի կյանքում, գտա ծերանոցում
- Հայաստանում 100 տարին լրացած 85 մարդ է բնակվում
- Վարչապետը հանձնարարեց քննարկել տարեցների` աշխատաշուկայում ընդգրկվելու հնարավորությունը
- Բարենպաստ և առողջ միջավայր՝ տարեցների համար