Ամեն ինչ անելու ենք, որ այս օրենքը լինի այն մակարդակով, ինչպիսի դատախազություն ուզում ենք ունենալ մենք. Կոստանյան
«Այս օրենքի նախագիծը բավականին բուռն քննարկվեց հանձնաժողովում, քննարկեցինք և կոնցեպտուալ առումով, և կոնկրետ կարգավորումների տեսակետից»,- Ազգային ժողովում կառավարության կողմից ներկայացված դատախազության մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը։
«Խնդրում եմ նկատի ունենալ, որ Դատախազության մասին օրենքի հիմնական դերը դատախազության ներքին գործունեության այնպիսի մեխանիզմների ստեղծումն է, որը կապահովի դատախազության ֆունկցիաների իրականացման արդյունավետությունը»,-ասաց նա։
Կոստանյանի խոսքով՝ դատախազության մասին օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվված էր մի քանի հանգամանքներով։
«Առաջին՝ սահմանադրությունը կարգավորում է, որ դատախազության համակարգը միասնական և կենտրոնացված համակարգ է, շատ կարևոր է, որպեսզի օրենքով հստակեցվեր այդ կենտրոնացվածության կարգավորումը, այսինքն` ստորադաս-վերադաս հարաբերությունների բովանդակությունը հստակեցվեր։ Երկրորդ՝ դատախազության մասին օրենքի կարևորությունը կադրային քաղաքականության ձևավորման սկզբունքների և եղանակների սահմանման մեջ է, քանի որ եթե կադրային քաղաքականությունը թափանցիկ, հրապարակային իրացվի և իրականացվի դատախազության կողմից, բնականաբար դատախազության գործունեության նկատմամբ հանրային վստահությունը և երաշխավորումն ավելի բարձր մակարդակի վրա կլինի»,- ներկայացրեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մտական հանձնաժողովի անդամը։
Նա շեշտեց, որ այս օրենքով փորձ է արվում կատարել այդ կարգավորումները։
«Այս օրենքի նախագծում բազմաթիվ խնդիրներ կար և մենք պետաիրավական հանձնաժողովում շատ բուռն քննարկումներ ունեցանք, որի արդյունքում բավականին շատ շտկումներ եղան և կառավարության հետ ունենք պայմանավորվածություններ մի քանի հարցերի շուրջ։ Այդ հարցերը պետք է շտկվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, մենք պետք է դա ևս քննարկենք հանձնաժողովում, որովհետև դրանք սկզբունքային հարցեր են, որոնց չընդունման դեպքում ես անձամբ դեմ կքվերակեմ այս օրինագծին։ Ինչու՞, որովհետև այս օրենքում նման կարգավորումները ինքնին բարձրացնում են դատախազության նկատմամբ վստահության մակարդակը։ Ես կարծում եմ, որ դատախազության նկատմամբ վստահության և հանրային հաշվետվողականության կիրառումը մեխանիկորեն առաջացնում է երկրի ամբողջ իրավական համակարգի նկատմամբ վստահության երաշխիք»,- մանրամասնեց Կոստանյանը։
Նա նաև հավելեց՝ «իմ խորին համոզմամբ, մենք ամեն ինչ անելու ենք, որ այս օրենքը լինի այն մակարդակով, թե ինչպիսի դատախազություն ուզում ենք ունենալ մենք՝ անկախ մեր քաղաքական դիրքորոշումից»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին