«Քեզ լավ նայի…». Մեր՝ բանակ ճանապարհած զինվոր եղբայրների հետքերով
Սահմանապահ Ոսկեպար եկող-գնացողներին առաջինը դիմավորում են գյուղի ծերերը, որոնք արևի տակ տաքացնում են ոսկորներն ու անցած-գնացած օրերից պատմում: Նրանց զրույցը սկսվում է սահմանային իրավիճակից, Ռուսաստան մեկնած երեխաներից ու թոռներից, գյուղի անցուդարձից:
Մեր՝ «ոնց եք» հարցին, միանգամից մի քանի հոգով ասում են՝ սահմանին խաղաղ լինի, մնացածը կլինի:
Այս տարվա ամառային զորակոչին Panorama.am-ն այցելել էր զինվորական հավաքակայան, որտեղ զրուցել էր ոսկեպարցի եղբայրներ Ռաֆիկ և Արմեն Բեգլարյանների հետ: Վիճակահանությամբ որոշվել էր՝ նրանք ծառայելու են Արցախում: Հորեղբոր տղաներին չէր անհանգստացնում այն փաստը, որ հնարավոր է առաջնագծում ծառայեն։
«Մենք լավ գիտենք, թե սահման պահելն ինչ բան է: Պատրաստ գնում ենք, մենք կրակոցից վախեցող չենք»,- ասում էր Ռաֆիկը, իսկ Արմենն էլ հավելում էր. «Գյուղի տղերք ենք, հեշտ կհարմարվենք ծառայությանը, հետո մենք սովոր ենք, ամբողջ կյանքներս անցել է կրակոցների մեջ: Հակառակը, որ չեն կրակում, մի տեսակ անսովոր է լինում»:
Ոսկեպարում փորձում ենք գտնել տղաների տները: Համայնքի ղեկավարն այդ մասին իմանալով՝ մեզ անմիջապես ուղեկցում է Արմենենց տուն: Բեգլարյանների դարպասից դեռ ներս չմտած, լսում ենք բարձր խոսող կնոջ ձայնը. «Քեզ լավ նայի…»: Արմենի հետ են խոսում, մայրն է, որն ամեն անգամ, ամեն օր չի դադարում նույն խոսքերը կրկնել՝ «հաց կերե՞լ ես», «տեղդ լա՞վ է», «Լավ մնա»:
Ծնողներն ասում են, որ թե որդին, թե Ռաֆիկը գոհ են ծառայությունից: Հորեղբոր տղաները, ինչպես իրենք էին ցանկանում, ծառայում են նույն զորամասում:
«Ամեն օր զանգում է, որ մի օր զանգն ուշանում է, սկսում եմ անհանգստանալ»,- ժպտալով նշում է Արմենի մայրը՝ Էվզան:
Հայրն էլ՝ Գագիկ Բեգլարյանը, ավելացնում է՝ տղաների համար ծառայելն ավելի հեշտ կլինի, ծնված օրվանից կրակոցների տակ են. «Սահմանապահ գյուղի մարդիկ լավ գիտեն խաղաղության գինը: Ոսկեպարի կռիվների ժամանակ մենք էինք սահմանին կանգնած, այսօր մեր էրեխեքն են հայրենիքը պաշտպանում»:
Երեք երեխաների հայր Գագիկ Բեգլարյանն աշխատում է էլցանցում: Չի բողոքում, միայն ասում է, որ բոլոր խնդիրներն էլ լուծելի են. «Մենակ էրեխեքը սաղ-սալամաթ գան մեզ հասնեն: Թող բոլոր զինվորներն անփորձանք, խաղաղ լինեն, առողջ վերադառնան տուն»:
Լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում