Բաբկեն Պիպոյան. Գործ ունենք ուղղակի խաբեության հետ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձանաժողովը խախտումներ է հայտնաբերել խտացրած կաթի, թթվասերի, յուղի և հալած պանրի իրացման ոլորտում: Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ, որևէ արտադրողի, ներկրման, իրացման ցանցի անուն չկա: Դրա հետևանքով մի շարք հարցեր անպատասխան են մնում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մրցակցային մարմնին հորդորում է հրապարակել խախտումներ թույլ տված տնտեսվարողների անունները:
«Դա հնարավորություն կտա, որպեսզի գոնե այս օրերին սպառողները խուսափեն և ձեռք չբերեն այն ապրանքները, որոնց վերաբերյալ հայտնաբերվել են խախտումներ: Սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից դա անհրաժեշտ է»,-հրապարակման կարևորությունը բացատրեց նա:
ՀԿ նախագահը հիշեցրեց, որ մրցակցային մարմինը մի կողմից հայտնաբերում է խախումները, բայց մյուս կողմից, շուկայի վերահսկողությունը այդ մարմնի վրա դրված չէ: Սննդամթերքի հետ կապված խախտումը վերացնելու, սանկցիան կիրառելու, ապրանքը շուկայից հետ կանչելու հանձնարարական ու դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնում է Սննդամթերի անվտանգության պետական ծառայությունը:
«Մեկ անգամ ևս փաստվեց, որ սննդամթերքի խնդիրներով զբաղվում են բոլորը, խախտումներ հայտնաբերում են բոլորը, բացի լիազոր մարմնից՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից»,-կարծիք հայտնեց Պիպոյանը:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն խախտում կատարած ընկերություններին չի տուգանել, բավարարվել է խիստ նախազգուշացում հայտարարելով, տեղի ունեցածը որակել սպառողներին մոլորեցնող:
«Թե ինչու սանկցիա չի կիրառվել, այս պահին դժվար է ասելը, քանի որ չունենք տնտեսվարողների ցանկըմ չգիտենք ի՞նչ խաղացողների ու ի՞նչ ծավալների մասին է խոսքը: Բավարար տեղեկատվություն չկա: Այս առումով էլ շատ կարևոր է խախտում թույլ տված ընկերությունների անունների հրապարակումը»,-նկատեց սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագետը:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարել էր. «Սպառողներին մոլորեցնելու կամ այլ կերպ ասած՝ սպառողի գրպանը մտնելու միտում ենք տեսնում»: Պիպոյանն ավելի շուտ դա խաբեություն է որակում:
«Սպառողին մոլորեցնելը իրավական ձևակերպումն է, որով առաջնորդվում են: Իսկ կենցաղային մակարդակում կիրառվող տերմինը խաբեությունն է, երբ մարդուն խաբում են՝ ասելով վաճառում ես կարագ, բայց դրա փոխարեն իրականում վաճառում ես ավելի էժան բուսական յուղ»,-ասաց նա:
Պիպոյանի խոսքով, խախտումների մասին այս հրապարակումից հետո գոնե պետք է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը քայլեր ձեռնարկի:
«Եվս մեկ անգամ հորդորում եմ ՏՄՊՊՀ-ին հրապարակել խախտում կատարած ընկերությունների անունները: Հրապարակելու դեպքում սպառողներին հորդորում եմ զերծ մնալ այդ ապրանքները գնելուց, իսկ լիազոր մարմնին՝ Սննդամթերի անվտանգության պետական ծառայությանը հորդորում եմ, գոնե այս դեպքում կատարել մնացած աշխատանքը, վերահսկողություն իրականացնի՝ իրացման ցանցում առկա կեղծված մթերքների առկայության ու դրա հետկանչի մասով»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան