Ջոնի Մելիքյան. Ջավախքում սադրանքը հնարավոր է պայմանավորված լինի ՏԻՄ ընտրություններով
«Իմ ունեցած տեղեկություններով, Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչներն այդ օրը որոշել էին ոչ թե եկեղեցու բակում խաչքարը տեղադրել, այլ այն ուղղակի տեղափոխել են եկեղեցու բակ, որ լինի ապահով տեղում»,-լրագրողներիի հետ հանդիպմանը, անդրադառնալով Ջավախքում հայերի ու վրացի ոստիկանների հետ բախումների միջադեպին, ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նա նշեց, որ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խաչքարի տեղադրումը պետք է լինի հոկտեմբերի վերջին՝ ՏԻՄ ընտրություններից հետո:
«Իմ կարծիքով, սադրանք է տեղի ունեցել: Ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ ոստիկանությունն ավելի շատ ուժ կիրառեց, քան պետք էր, հետո հատուկ ջոկատայիններ հրավիրվեցին կողքի քաղաքից»,-ասաց բանախոսը:
Մելիքյանի փոխանցմամբ, այս պահի դրությամբ հարցը կարգավորված է:
«Շատ կարևոր է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարն ակտիվ միջամտեց գործին, այցելեց գյուղ, բանակցությունների արդյունքում երկու ձերբակալվածին բաց թողեցին: Բայց այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցված, քննություն է իրականացվում»,-մանրամասնեց նա:
Ինչ վերաբերում է սադրանքին, ապա Մելիքյանը չբացառեց, որ դա կապված է առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ:
«Երևի թե, այս ամենը կապված է ներքաղաքական գործընթացների հետ: Մենք պետք է իմանանք, որ նման դեպքերն ունենում են արձագանք: Իսկ արձագանք ապահովում է երրորդ կողմը՝ այս պարագայում ադրբեջանական ու ադրբեջանամետ մամուլն էր, որը հայերին ներկայացրեց որպես սեպարատիստ, իսկ տեղի ունեցածը՝ հայ-վրացական բախում: Տեղի ունեցածն ընդամենը միջադեպ էր»,-ասաց Մելիքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի ՄԻՊ գրասենյակը կուսումնասիրի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձությունները
- Վահագն Չախալյան. Կոչ ենք ուղղում ջավախքահայությանը տուրք չտալ խառնակիչ սադրանքների
- Ջավախքցիների ու վրացի ոստիկանների բախումների հետևանքով վիրավորներ կան
- Վրաստանի ՆԳ նախարարը բանակցում է ջավախքցիների հետ
- Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
- Քննարկվել է Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս եկած և վերաթաղված ոսկորների հարցը
- Վերականգնվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի եկեղեցին