Մեղադրանքը չեմ ընդունում. Ա.Ղուկասյան
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը: Դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։
Մեղադրական եզրակացության համաձայն, Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները և տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ և բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա` զանգվածային անկարգություններ կազմակերպելու, կազմակերպված խմբի կողմից զավթված շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ, վերցված պատանդներ պահելու և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք պահելու փորձի համար Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Մեղադրական եզրակացությունը լսելուց հետո Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ ներկայացված մեղադրանքում, այսպես կոչված, զանգվածային անկարգություններն ունեն շարունակություն, բայց չունեն սկիզբ:
«Մեղադրանքում չկա նշված՝ ե՞րբ են սկսվել անկարգությունները, երբ են սկսվել մյուս գործողությունները: Ինչպես նաև սկիզբ չունեն պատանդներ վերցնելու, շենքեր գրավելու, ապօրինի զենք կրելու գործողությունները, սակայն պնդում է, որ այդ գործողությունները մնացել են անավարտ ոստիկանության գործողությունների հետևանքով: Այս առումով ինձ պարզ չէ մեղադրանքի էությանը: Ինչպե՞ս կարող է լինել մեղադրանք, եթե բացակայում է հանցակազմը»,- ասաց ամբաստանյալ Ա. Ղուկասյանը:
Դատավորը հարցրեց. «Այն, ինչ որ հրապարակվեց հայերեն լեզվով՝ ձեզ հասկանա՞լի է: Ո՞րը չեք ըմբռնել»:
Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Հայերեն լեզվով ինձ հասկանալի է ինչ հրապարակվեց: Սուտ է: Որը չեմ ըմբռնել՝ ներկայացրեցի դատարանին, որ նշված գործողությունների սկիզբը մեղադրական եզրակացության մեջ նշված չէ: Ինձ պարզ է, որ սա շինծու մեղադրանք է, սուտ է, այդ մեղադրանքը ես չեմ ընդունում»:
Դատավորի հարցին, թե ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք առաջադրված հոդվածներով, Ա. Ղուկասյանն ասաց. «Ոչ»:
Դատավորի հաջորդ հարցին, թե չորս հոդվածներով էլ չեք ճանաչո՞ւմ, նա պատասխանեց. «Չեմ ճանաչում: Սա սուտ մեղադրանք է կեղծ ապացույցների, սուտ ցուցմունքների վրա կառուցված»:
Հարակից հրապարակումներ`
- Եկել եմ այստեղ, որ ես մեղադրեմ. Անդրիաս Ղուկասյան
- Անդրիաս Ղուկասյանի քրեական գործն ուղարկվել է դատարան
- ՀՔԾ. Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
- Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
- Հայտարարություն. Անդրիաս Ղուկասյանին ներկայացված մեղադրանքները շինծու են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան