Դեսպան Ապիտոնյանը ներկայացրել է Հայաստանում գենդերային հավասարության ոլորտում առկա մարտահրավերները
Շվեդիայում Հայաստանի դեսպան Արտակ Ապիտոնյանն Վեստրա-Յոտալանդ նահանգ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Վեստրա-Յոտալանդի նորանշանակ նահանգապետ Անդերս Դանիելսոնի և Շվեդիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյոտեբորգի քաղաքային խորհրդի նախագահ Լենա Մալմի հետ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, հանդիպումների ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություները։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ծավալման, տնտեսական և մշակութային հարաբերությունների խթանման հարցեր։
Դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպել է նաև Գյոտեբորգի հայ համայնքի անդամներին, նրանց ներկայացրել Հայաստանում քաղաքական իրավիճակը և տնտեսական զարգացման հեռանկարները, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացներում վերջին զարգացումները: Համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի և Շվեդիայի միջև տնտեսական համագործակցության խթանման գործում նրանց ներգրավվածության ավելացման հնարավորությունը։
Այցի շրջանակներում դեսպան Ապիտոնյանը մասնակցել է Գյոտեբորգի գրքի ցուցահանդեսին, որն իր մեծությամբ երկրորդն է Եվրոպայում։ Ցուցահանդեսի «Միջազգային հրապարակ» ծրագրում դեսպանը հանդես է եկել ելույթով՝ «Վիննետ Հայաստան» և «Վիննետ Շվեդիա» կազմակերպությունների կողմից կազմակերպված «Խրախուսելով գենդերային հավասարությունը հանուն կայուն զարգացման» խորագրով սեմինարին։
Դեսպանը ներկայացրել է Հայաստանում գենդերային հավասարության ոլորտում առկա մարտահրավերները, կառավարության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կողմից դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա