Անտառների պահպանման պլանը պետք է հնարավորին չափ շուտ կյանքի կոչեք. Բաբուխանյանը՝ գյուղնախարարին
ԱԺ այսօրվա նիստում քննարկման է դրված «Անտառարդյունաբերական համալիրի և անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ փոփոխությունները հիմնականում տեխնիկական բնույթ են կրում։
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հարց ուղղեց գյուղնախարարին, թե արդյո՞ք այդ համաձայնագրում կա անտառի պահպանության վերաբերյալ ինչ-որ մի բանաձև կամ կետ, որով կարող են համագործակցել ԱՊՀ այլ երկրների հետ, փորձի փոխանակում կատարել և ստանալ այնպիսի առաջարկություններ, որպեսզի ավելի արդյունավետ կարողանան պահպանել անտառները։
«Անտառապահպանության հարցը այսօր պետք է դառնա մեր առաջնահերթ խնդիրներից մեկը»,- շեշտեց պատգամավորը։
Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Իհարկե նախատեսված է, հենց համաձայնագրի նպատակը դա է, և Բելառուսի հանրապետություն իմ նախորդ այցելության ժամանակ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել կազմել անտառների պահպանման կառավարման պլան։ Այսօր մենք այն կարգավիճակում ենք, որ հիմնական կառավարման պլանների ժամկետները լրացել են և արդեն հրավերք ենք ուղարկել ու սպասում ենք մոտակա ժամանակներում մասնագետների այցելություն Հայաստան, որի շրջանակներում կտեսնենք ինչպես կարող ենք համագործակցել։ Կարճ ժամանակահատվածում կազմենք նոր կառավարման պլաններ՝ զարգացնելու մեր անտառների պահպանման գործընթացները»։
Բաբուխանյան արձագանքեց. «Կարծում եմ, եթե այս համաձայնագիրն ընդունվի, մենք կունենանք առաջընթաց անտառների բուժման, ապօրինի ծառահատումների ոլորտում։ Այդ նոր պահպանման պլանը պետք է խնդրեմ, որ հնարավորին չափ շուտ կյանքի կոչեք»։
Հարակից հրապարակումներ`
- «Խոսրովի անտառ»-ը վերականգնվում է աղետալի հրդեհից հետո
- Ավարտվել է ապօրինի ծառահատումների վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը
- Ապօրինի ծառահատման փաստով Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է ևս 2 քրեական գործ
- «Քյոլոզի ձոր»-ում ապօրինի ծառահատումներ են եղել
- «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է