«Մեր շիմպանզե համակարգը մի դարձրեք մակակայի մակարդակի». Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, քանի որ սա մենք համարում ենք հետընթաց»,- այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Առաջին ընթերցմամբ նախագծի քննարկմանը մենք առաջարկեցինք, որ խմբակցությունն ունենա իրավասություն հանրաքվեի առաջարկի վերաբերյալ ներկայացնելու իր տեսակետը, բայց հիմնական զեկուցողը մոռացավ այդ մասին խոսել, որովհետև ընդդիմադիր խմբակցությունների այդ առաջարկը մերժվել է: Վերջին շրջանում մենք տեսնում են, որ անմեղ հրեշտակի տեսքով սղացնում են բավականին վիճահարույց և վտանգավոր դրույթներ, մասնավորապես այս մեկը։ Սա հետընթաց է գործող օրենքին»,- ասաց պատգամավորը։
Դիմելով հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանին՝ Զոհրաբյանն ասաց. «Պարոն Տերտերյան, պիտի ասեիք, թե ինչու եք մերժել մեր բանավոր առաջարկը: Ինչի՞ց եք վախենում, ի՞նչ կլինի, որ այս դրույթը մնար»։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ասաց, որ իրենց գրավոր առաջարկությունը հարցի վերաբերյալ քննարկվել և մերժվել է։
«Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցության՝ հանրաքվե նախաձեռնելու իրավունքի դրույթը ու՞մ է խանգարում, ինչո՞ւ եք հանում այն: Երբ իրականությունն ու այս ամբիոնից հնչող պրոցեսներն ենք համեմատում, տեսնում ենք, թե ինչքան բարձր ենք գոռում ժողովրդավարության մասին, այնքան ինտենսիվ վերացնում ենք այդ գործիքները: Սա գործիք, է որն ունի ընդդիմությունը, ինչո՞ւ եք քափ-քրտինքի մեջ հավաքում այդ գործիքներն ընդդիմադիր խմբակցություններից: Ի՞նչն է պատճառը։ Օրանգուտան կապիկի և մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունն ընդամենը երկու տոկոս է, դրա համար կոչ եմ անում, որ մեր շիմպանզե համակարգը մի դարձրեք մակակայի մակարդակի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն անդրադառնալով Փաշինյանի ելույթին ասաց. «Քանի որ ինքս չեմ տիրապետում կենդանական և կապիկական աշխարհի նյուանսներին, ես, երևի թե օրենքից խոսեմ, որովհետև շիմպանզեների և օրանգուտանների մասին լավ կլինի, որ բուն մասնագետները խոսեն: Երբ որ մենք խոսում ենք, որ ինչ-որ ֆրակցիայից գործիք ենք վերցնում, մենք մոլորության մեջ ենք գցում, այդ գործիքն անգործության է մատնվելու ցանկացած քաղաքական դասավորման պայմաններում: Այսինքն հանվում է մի բան, որն իրականում անգործ է, չի կարող գոյություն ունենալ»։
Նշենք, որ նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանի կողմից: Այն այսօր քննարկվում է երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար։ Նախագծով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երևանի քաղաքապետին և ավագանու 1/3-րդին:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ավագանու մասին օրենքի նախագծի քվեարկությանը չմասնակցեցին «Ծառուկյան» ու «Ելք» խմբակցությունները
- Էդմոն Մարուքյանի կոչը՝ գործընկերներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին