ՀՀԿ, ՀՅԴ, և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են «Ելք»-ի նախագծին
«ԵԼՔ-ի առաջարկն այլ բան չէ, քան այն, որ Հայաստանը պետք է կատարի ռազմաքաղաքական շրջադարձ»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ առաջարկում անվտանգության մասով որևէ հիմնավորում գոյություն չունի, բացակայում է ռազմական բաղադրիչը։
«Այս նախագծին մենք դեմ ենք և մերժելու ենք։ Նախ, ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման համար ժամանակը շատ վատ է ընտրված: ԵՄ-ն ինքն իր քաղաքականությունը փոխել է այս ընթացքում, «կամ-կամ»-ից հրաժարվել է և «և-և»-ով առաջնորդվում։ Իսկ հիմա մենք արհեստական սրում ենք «կամ-կամ»-ի հարցը»,- ասաց նա:
«Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ Սասուն Միքայելյանը, ով նշեց, թե տարիներ շարունակ եղել է ԱԺ-ում և գիտի, որ եթե ՀՀԿ-ն ուզում է մի հարց «ջրվի», հանձնաժողով է ստեղծում. «Հիմա թիվ մեկ մտավախությունն անվտանգության հարցն է և առաջին հերթին՝ Արցախի հարցը: ԵԱՏՄ մտանք առանց Արցախի, որովհետև «ինչ-որ երկրի» նախագահը՝ Նազարբաևը դեմ էր: Հիմա հարց եմ տալիս ներկայից իշխող կուսակցությանը՝ կարո՞ղ եք նախագիծ ներկայացնել, որ Ղարաբաղն էլ մտնի ԵԱՏՄ»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն չի վնասում երկրի տնտեսական պրոբլեմները լուծելուն. «Բայց ունենք խնդիր, թե ինչու չենք օգտագործում ԵԱՏՄ-ի ներուժը, ընդհուպ քննարկման հարց դնենք, թե ինչու է Ադրբեջանին զենք վաճառում ՌԴ-ն»։
Մելքումյանը հարց հնչեցրեց, թե որպես այլընտրանք ի՞նչ է առաջարկվում. «Ծառուկյան դաշինքը հետևողական է. ինչպես ժամանակին կողմ ենք քվեարկել ԵԱՏՄ մտբելուն, հիմա էլ հստակ դեմ ենք քվեարկելու ներկայացված նախագծին»։
Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ «Ելք»-ում մի մասը հստակ ասում է, որ պետք է դուրս գանք, կողմնորոշված է, մյուս մասը դեմ է, և որպեսզի այդ հակասությունը դուրս չգա, մտածել են երկու մասի են բաժանվել. «Դեմ լինողներն ասում են՝ տղերք, եկեք հանձնաժողով ստեղծենք՝ հասկանանք՝ արժի՞, թե չարժի: Հիմա նույն հռետորաբանությամբ ձեզ ենք դիմում, կողմնորոշվեք արժի՞, թե չարժի: Մեր քաղաքական վեկտորի մեջ փոփոխություն չկա, մենք պետք է համագործակցությունը շարունակենք ԵԱՏՄ-ի հետ»։
ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը դադարեցնելու մասին նախագծի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ի՞նչ եք ուզում, գեյ-շքերթներ, աղանդներ, փոքրամասնություններ այստեղ բերել. Բաբուխանյան
- «Ես էլ կարող եմ ասել, որ ԵԱՏՄ-ի շնորհիվ դուք մտաք խորհրդարան». Աշոտյանը՝ Փաշինյանին
- «Ելք»-ի նախագիծն ընդգրկվում է օրակարգ առանց քվերակության. Բաբլոյան
- ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ «Ելք»-ի նախագիծը հոկտեմբերի 3-ին կքննարկվի ԱԺ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին