Մարզային գրադարաններին պարբերաբար տարբեր ծրագրերով փորձում ենք համալրել գրականությամբ. Ամիրյան
«Մշակույթի նախարարությունը ունի մարզային գրադարաններ, որոնք բոլորը գտնվում են շատ լավ վիճակում և պարբերաբար համալրվում են գրականությամբ, հարցը վերաբերում է երևի մարզային գրադարաններին»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով «Ծառուկյան» խմբակցություն պատգամավոր Լուիզա Սարգսյանի հարցին, թե մարզերում գրադարանների վիճակը շարունակում է մնալ անմխիթար, գրադարանավարների հաստիքացուցակներում շարունակվում են կրճատումները և գրքների պահպանման խնդիր կա։
Նախարարը նշեց, որ այցելել է գրեթե բոլոր մարզային գրադարանները, այնտեղ որևէ խնդիր այսօր չկա, սպասարկում են շատ մեծ թվթվ քաղաքացիների։
«Մարզային գրադարաններին պարբերաբար տարբեր ծրագրերով փորձում ենք համալրել գրականությամբ։ Մենք խրախուսում ենք գրադարանների ստեղծման բոլոր տեսակի մասնավոր ձեռնարկումները։ Ստեղծել ենք նաև գրաբուսների ծրագիրը, առաջին գրաբուսն աշխատում է Երևանում և հարակից մարզերում և ծրագրել են ք տասը գրաբուսներ, որոնք շրջելու են քաղաքներով ու գյուղերով՝ գրադարանային ծառայություն մատուցելու համար»,- ասաց Ամիրյանը։
Ինչ վերաբերում է Լոռիում համայնքային ենթակայության գրադարաններում կրճատումներին, նախարարը պատասխանեց. «Խոսել եմ և մարզպետի, և քաղաքապետի հետ, և մեկնաբանությունը եղել է այն, որ այնտեղ գրանցված մարդիկ կան, որոնք չեն աշխատում, այսինքն հաստիքացուցակները ուռճացված են և վերանայվում են դրանք»։