Ի՞նչ կտա Հայաստանին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը
Ուղիղ մեկ տարի անց՝ 2018թ․-ի հոկտեմբերին, Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ-OIF) գագաթնաժողովը։ Այն կլինի անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու են Ֆրանկոֆոնիայի մի քանի տասնյակ երկրների ներկայացուցիչները (ՖՄԿ-ն ունի 84 անդամ երկիր)։ Երևանում սպասվում է 4000-ից ավելի մարդկանց ժամանում, որոնց մեջ կլինեն ավելի քան 600 լրագրողներ։
Իսկ ի՞նչ կտա Հայաստանին գագաթնաժողովի կազմակերպումը, որը 2012թ․-ից Ֆրանկոֆոնիայի լիիրավ անդամ է։
«Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումն առաջին հերթին Հայաստանին կտա մի այլ կարգի «visibility» (տեսանելիություն), ինչը շատ կարևոր է մասնավորապես այն երկրներում, որտեղ քիչ բան գիտեն Հայաստանի մասին»,- Panorama-ին ասաց «Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության» խորհրդի անդամ, Հայաստանի ֆրանկոֆոն լրագրողների բաժնի նախագահ Զառա Նազարյանը։
Հայաստանի համար կարևոր է աշխարհի համար ավելի բաց, տեսանելի ու մատչելի լինելն ու միջազգային գործընթացներում ներգրավվածությունը, իսկ 84 երկիրն արդեն աշխարհի երկրների գրեթե կեսն է, որոնք բարձր մակարդակով ներկա են լինելու Հայաստանում՝ իրենց մամուլով ու դրանից բխող բոլոր տեսանելիությամբ։ Հայաստանը ողջ Կովկասում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության միակ լիիրավ անդամն է ու գագաթնաժողովի՝ Երևանում անցկացումը կբարձրացնի նաև ՖՄԿ-ի մասին տեղեկացվածությունը։
Երևանում գագաթնաժողովի անցկացումը կարևոր է քաղաքական տեսանկյունից, քանի որ ՖՄԿ-ն մի քանի անգամ ընդունել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություններ։ Այս առումով Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիային նաև որոշակիորեն հակակշռում է Ադրբեջանի անդամակցությանն Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ), որի անդամների մի մասը նաև ՖՄԿ անդամներ են, ու որտեղ Ադրբեջանը մշտապես փորձում էր անցկացնել Հայաստանին քննադատող հայտարարություններ։ Ապրիլյան դեպքերից հետո ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարն առաջիններից էր, որ արձագանքեց ու հայտարարությամբ հանդես եկավ՝ ելնելով կազմակերպության արժեքներից, որոնք են համերաշխությունը, կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը, ժողովրդավարությունը, մշակութային բազմազանությունը, փոքրամասնությունների իրավունքները, քաղաքակրթությունների երկխոսությունը, ժողովուրդների իրավունքը, որը, հատկապես մեզ համար, քաղաքական կշիռ ունի՝ ազգային խնդիրների համատեքստում։
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ-ում անցկացվելու է ևս մեկ խոշոր միջոցառում՝ «Ֆրանկոֆոն լրագրողների միջազգային միության» կոնֆերանսը, որին մասնակցելու ու նաև գագաթնաժողովը լուսաբանելու համար Հայաստան են ժամանելու մինչև 300 ֆրանկոֆոն լրագրողներ։
«Եթե նախագահների ու վարչապետների այցը քաղաքական նշանակություն ունի, ապա 300 լրագրողի գտնվելը, աշխատելը Հայաստանում լինելու է աննախադեպ PR Հայաստանի համար», - ասում է Զառա Նազարյանը։
Հայաստանի համագործակցությունը 1970թ․-ին ստեղծված ՖՄԿ-ի հետ սկսվել է 2003թ․-ից՝ դիտորդի, 2008-ին՝ ասոցացված անդամի, իսկ 2012թ․-ից արդեն լիիրավ անդամի կարգավիճակով: Ֆրանկոֆոնիան ՄԱԿ-ից հետո այն միջազգային կազմակերպությունն է, որում ընդգրկված են ամենամեծ թվով երկրները՝ 84։
Կարևոր փաստ է նաև այն, որ ՖՄԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Սա նշանակում է, որ Հայաստանը, լինելով տարածաշրջանում միակ լիիրավ անդամը, կարող է բացառել «անցանկալի» երկրների անդամակցությունը կազմակերպությանը, կամ դա անել ինչ-որ բանի դիմաց։
Ֆրանկոֆոնիան երբեմն շփոթում են Ֆրանսիայի ու ֆրանսերենի պարտադիր իմացության հետ ու հարց է առաջանում, թե ինչ է անում Հայաստանն այնտեղ, երբ ֆրանսերենը ՀՀ-ում լայն տարածում չունի։ Սակայն, կազմակերպությունը միայն լեզվի մասին չէ, ավելին, Ֆրանկաֆոնիայի կազմակերպությունում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է մոտ 900 մլն., որից 274 մլն. է ֆրանկոֆոն։
«Ֆրանկոֆոնիային անդամակցելուց ի վեր Հայաստանն ընդգրկվել է մի շարք ծրագրերում, որոնք ուղղված են ֆրանսերենի զարգացմանը։ Ֆրանսերենը դարձել է դասավանդող երրորդ օտար լեզուն։ Սակայն ֆրանսերենը միայն գործիք է, որն իմանալով ճանաչում ես բազմաթիվ ժողովուրդների մշակույթը, երկիրը, մարդկանց մտածողությունը։ Ֆրանկոֆոնիան կօգնի Հայաստանին բացահայտել նաև Աֆրիկան՝ որպես հիանալի մայրցամաք՝ իր մշակութային, տնտեսական, էմոցիոնալ, գունային բազմազանությամբ»,-ասաց Զառա Նազարյանը։
Նշենք նաև, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ Հայաստանում անցկացման համար ՀՀ-ն հաղթել է բավական լուրջ մրցակցության մեջ։ Գագաթնաժողովի անցկացման համար պայքարում էր նաև Թունիսը, որը մեծ աջակցություն ունի Ֆրանկոֆոնիայի երկրների շարքում։ 2016թ․-ին Մադագասկարում կայացած գագաթնաժողովի ժամանակ ընդունվեց ՖՄԿ պատմության մեջ աննախադեպ որոշում ու որոշվեց ոչ թե միայն հաջորդ, այլ հաջորդող 2 գագաթնաժողովների անցկացման վայրերը՝ 2018-ին Հայաստան, 2020-ին Թունիս։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին