Դա իրենց քաղաքական ճաշակի խնդիրն է. Շարմազանով
«Այս հարցը բխում է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունից ու մեր ռազմական դոկտրինից»,- ԱԺ-ում «ՀՀ և ՌԴ միջև՝ ՀՀ Զինված ուժերի և ՌԴ Զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ սա և տրամաբանական է, և օրինաչափ, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում, իսկ այս երկու երկրները անվտանգության նույն համակարգում են՝ ՀԱՊԿ-ում:
«Այս զորախումբը դե ֆակտո գործում է, դրա մասին նաև անցյալ տարի հանրապետության նախագահն է հայտարարել, և սա գաղտնիք չէ, պետք չէ զարմանալ, որ կա նման զորախումբ, որ հայ-ռուսական ուժերը պետք է միասին պայքարեն անվտանգության սպառնալիքների դեմ: Այո, մենք գտնվում ենք նույն անվտանգության համակարգում, և եթե մարդիկ գտնում են, որ դա պետք է փոփոխության ենթարկվի, դա իրենց քաղաքական ճաշակի խնդիրն է, ես այդպես չեմ կարծում։ Սա բխում է Հայաստանի ռազմավարական դոկտրինից, քանի դեռ նոր դոկտրին չունենք, պետք է եղածն ամրագրենք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե Ադրբեջանը կարո՞ղ է ստորագրել, թե չէ համաձայնագիրը, Շարմազանովն ասաց. «Ոչ, անհնար է, քանի որ նախ պետք է լինի համապատասխան իրավապայմանագրային բազա: Ադրբեջանն ու Ռուսաստանը անվտանգության տարբեր համակարգերի մեջ են։ Ռուսաստանը, Հայաստանը ՀԱՊԿ անդամ են, Ադրբեջանը՝ ոչ։ Ադրբեջանի միակ ու ամենաուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը այլ դաշինքի մեջ է»։
Նրա խոսքով՝ Հայաստանն ընտրել է ՀԱՊԿ-ը, որովհետև այլընտրանք չկա. «ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին