Պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4%
Պետական եկամուտների կոմիտեն բիզնես հանրությանն ուղղված բարեփոխումներ է նախաձեռնել, որոնց մի մասն ընթացքի մեջ է: Այս մասին այսօր ամփոփելով 2017 թ-ի 9 ամիսների ընթացքում Կոմիտեի գործունեության արդյունքներն՝ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Նրա խոսքերով՝ 9 ամիսներին ՊԵԿ-ն ապահովել է 860.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումարները:
Ինչ վերաբերում է եկամուտների աճին, ապա նախորդ տարվա 9 ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է ավելի քան 74 մլրդ դրամ կամ 9.4%:
Վարդան Հարությունյանը նշեց նաև, որ 640.7 մլրդ դրամ ապահովվել է հարկային մարմինների, իսկ 219.7 մլրդ դրամը՝ մաքսային մարմինների կողմից: Ընդորում՝ առանց ԱԱՀ վերադարձի գումարների՝ հարկային եկամուտները կազմել են 818.5 մլրդ դրամ, ինչը 8.8%-ով կամ 65.9 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համապատասխան ցուցանիշը:
«Հատկանշական է, որ մուտքերի աճն ապահովվել է հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման շնորհիվ գերավճարների, ապառքների և ստուգումների կրճատման պայմաններում»,- ասաց Վարդան Հարությունյանը:
ՊեԿ ղեկավարը հայտնեց, որ 2017 թ-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող իրական գերավճարները, որոնք չեն առաջացել ներկայացված հաշվարկների արդյունքում, նվազել են 7.2 մլրդ դրամով, իսկ չվճարված հարկերի գծով պարտավորությունները (ապառք) 2016 թ-ի համեմատ նվազել են 6.5 մլրդ դրամով:
2016 թ-ի սեպտեմբերից սկսած մեկ տարվա ընթացքում շուրջ 47.8%-ով, իսկ 2017 թ-ի ութ ամիսների ընթացքում 34.3% -ով կրճատվել է նաև հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների քանակը, ինչը, ըստ Վարդան Հարությունյանի, արդյունք է ստուգման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտրողականության ավտոմատ համակարգի կատարելագործման, որի շնորհիվ հարկային ստուգումներն առավել հասցեական և արդյունավետ են դարձել:
Նրա խոսքերով՝ երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանը նպաստելու կառավարության ծրագրի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեն բարեփոխումներ է նախաձեռնել, որոնք ուղղված են ներդրումային գրավչության բարելավմանը և արտահանման խթանմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ստվերի դեմ պայքարին և օրինապահ հարկ վճարողների համար տնտեսական խթանների ընդլայնմանը:
Մասնավորապես, պարզեցվել է արտահանողներին ԱԱՀ-ի գումարների վերադարձման ընթացակարգը, և կրճատվել է ժամկետը՝ 90 օրից դառնալով 4 օր՝ մինչև 20 մլն դրամ հայտերի դեպքում:
Վարդան Հարությունյանը հայտնեց նաև, որ ապրիլի 13-ից մինչև սեպտեմբերի 30-ը Կառավարության որոշմամբ սահմանված պարզեցված ընթացակարգով մինչև 20 մլն դրամ գումարի վերադարձի հայտերով 89 հարկ վճարողի վերադարձվել է ավելի քան 1 մլրդ 73 մլն դրամ ԱԱՀ-ի գումար:
Նշվեց նաև, որ հունվար-սեպտեմբերին ԱԱՀ-ի գումարներն օրենքով նախատեսված մինչև 180 օրվա ընթացքում վերադարձնելու պայմաններում փաստացի վերադարձվել են միջինում 67 օրվա ընթացքում: Համեմատության համար նշենք, որ նույն ցուցանիշը 2016թ. հունվար-սեպտեմբերին միջին հաշվով կազմել է 99 օր: