Վարդան Հարությունյան. ՊԵԿ-ում նոր կառուցվածքային փոփոխությունները չեն բացառվում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը չի բացառում, որ իր ղեկավարած մարմնում հնարավոր են կառուցվածքային նոր փոփոխություններ:
«Ժամանակի պահանջին համապատասխան կոմիտեն շարունակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը, ինչը հանգեցնում է ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Դրա արդյունքում չի բացառվում, որ վաղը-մյուս օրը նորից ունենանք կառուցվածքային փոփոխություններ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ ղեկավարը:
Ներկայացնելով արդեն կատարված կառուցվածքային փոփոխություններն ու դրանց արդյունքները, Հարությունյանն ասաց, լուծարվել են հարկային տեսչությունները, փոխարենը ստեղծվել են երեք վարչություններ, որոնք ներառվել են կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների թվում: Այդպես է եղել նաև մաքսատների պարագայում:
Նա շարունակում է թվեարկել՝ գործարկվել է մոնիտորինգային կենտրոնը, ներդրվել է մաքսային մուտքի անդորրագրի մշակման և ապրանքների էլեկտրոնային հայտարարագրման համակարգերը, որոնցով մաքսային ձևակերպումներն իրականացվում են առավելապես ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ: Ֆիզիկական անձինք ապրանքի հայտարարագրի փոխարեն կարող են ներկայացնել ուղևորային հայտարարագիր, նրանք այլևս ստիպված չեն վճարել մաքսային միջնորդներին:
«Ռիսկերի կառավարման համակարգի ներդրումը հանգեցրել է մաքսային մարմնի կողմից ֆիզիկական զննումների թվի էական կրճատմանն ու դրանց արդյունավետության բարձրացմանը»,-ասաց նա: