Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը՝ Արցախ այցելել ցանկացող իր քաղաքացիներին
Սեպտեմբերի 22-ին թուրք գործիչների Արցախ կատարած այցի առիթով բարձրացած աղմուկի ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) 2-րդ հայտարարությունն է հրապարակել՝ զգուշացնելով Արցախ այցելել պատրաստվող Թուրքիայի խաղաքացիներին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ Թուրքիայի քաղաքացիներին զգուշացվում է՝ առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության չայցելել Արցախ:
«Առանց Ադրբեջանի իշխանությունների թույլտվության ադրբեջանական օկուպացված շրջաններ այց կատարելը հակասում է միջազգային իրավունքին, իսկ Ադրբեջանի օրենքներով դրանց համար տարբեր պատիժներ են նախատեսվում: Բացի այդ հորդորում ենք մեր քաղաքացիներին խուսափել օկուպացված տարածքներ այցելելուց, քանի որ այդ տարածքներում հնարավոր չէ մեր երկրի հյուպատոսական առաքելության միջոցով իրականացնել մեր քաղաքացիների անհրաժեշտ պաշտպանությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Աղբյուրը հիշեցնում է, որ նույն թեմայով Թուրքիայի ԱԳՆ-ն իր առաջին հայտարարությունը տարածել էր սեպտեմբերի 29-ին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր.
«Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեր 4 քաղաքացիների՝ վերջերս կատարած այցելությունը, կատարվել է առանց պետական մարմինների հետ խորհրդակցելու: Դա իրենց անհատական նախաձեռնությամբ է և որևէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունը»:
Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի ու Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և միջազգային հետախուզում հայտարարել: Ադրբեջանը նշյալ անձանց ձերբակալելու համար դիմել է Թուրքիայի համապատասխան կառույցներին:
Թուրք գործիչները «Արևմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության համանախագահ Արագած Ախոյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով գտնվել են Արցախում և Ստեփանակերտում հանդես եկել մամլո ասուլիսով:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակն անդրադարձել է թուրք գործիչների՝ Արցախ կատարած այցին
- Եզդիների համերաշխութան միջազգային կոմիտեի անդամները Հայաստանում են
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում