Մենք ԵՏՄ անբաժանելի մասն ենք, բայց դա խոչընդոտ չէ ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում. ԱԺ փոխնախագահ
Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը և Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը:
ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հայ-չեխական տնտեսական եւ գործարար կապերը վերջին տարիներին արդյունավետ զարգանում են, որի վառ ապացույցն այս տարվա ընթացքում ապրանքաշրջանառության շուրջ 60 տոկոսով աճն է:
«Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որն ունի GSP+ համակարգ ԵՄ երկրների հետ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու առևտրաշրջանառությունը, տնտեսական կապերը ԵՄ երկրների, այդ թվում՝ Չեխիայի հետ: Այո, մենք ԵՏՄ անբաժանելի մասն ենք, բայց դա խոչընդոտ չէ ԵՄ երկրների հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:
Նշելով, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն է՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ բազմաթիվ չեխական ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում, իսկ հայ գործարարները՝ Չեխիայում:
Համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ հայ օրենսդիրները չեխ խորհրդարանականների հետ միասին անելու են հնարավորը տնտեսական հարաբերությունների զարգացմանը խթանելու համար:
Ողջույնի խոսքում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը ևս ընդգծել է, որ երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը դրական զարգացման հունով են ընթանում և հույս է հայտնել, որ նոյեմբերին ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի ստորագրումից հետո երկու երկրների հարաբերություններն առավել կխորանան:
Համաժողովի ընթացքում քննարկվել են երկկողմ ներդրումային եւ գործարար կապերի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Չեխիայի սենատի նախագահ. Հայերն արժանի են անկախ ու խաղաղ կյանքի
- Չեխիայում աշխատանք չունի բնակչության 3 տոկոսը. Միլան Շտեխ
- «Ուզում եմ հավաստիացնել, որ այդ զենքերն Ադրբեջանին Չեխիան չի վաճառել». Չեխիայի Սենատի նախագահ
- Ու՞մ թեթև ձեռքով է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում