Ես գտնում եմ, որ պետք է այս օրենքն ընդունել. Գևորգ Կոստանյան
Խորհրդարանում դատախազության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հարակից զեկուցող ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանն անդրադարձավ դատախազության ստուգումների լիազորությանը։
«Եթե նախկինում հասարակության մեջ, պրակտիկայում, այդ թվում նաև պաշտոնական հաղորդագրություններում բազմաթիվ են եղել դեպքերը, որ դատախազությունն իրականացրեց ստուգումներ, ուսումնասիրություններ կատարեց, որի արդյունքում բացահայտվեցին այսպիսի սխալներ ինչ-որ մի պետական հիմնարկում, այդ թվում բանակում, հիմա բացառվում է այդպիսի բան, քանի որ դատախազությունն այլևս չունի նման ստուգումներ կամ ուսումնասիրություններ հանձնարարելու իրավունք անգամ»,- ասաց պատգամավորը։
Նա հիշեցրեց, որ նախորդ օրենքով պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու նպատակով դատախազությունն իրավասու էր հանձնարարել համապատասխան սուբյեկտների՝ իրականացնել ստուգումներ կամ ուսումնասիրություններ տարբեր հիմնարկներում, այդ թվում զորամասերում և ՊՆ այլ ստորաբաժանումներում, իսկ այսօրվա փոփոխությունների արդյունքում այլևս նման հնարավորություն չունի։
«Մենք չենք խոսում, որ ավելանում է դատարան դիմողների թիվն ընդդեմ քաղաքացիների, ոչ, քանի որ դատախազությունն անգամ եթե իր լիազորություններն իրականացնելիս հայտնաբերում է պետական շահով հայց ներկայացնելու անհրաժեշտություն, ինքը դեռևս իրավունք չունի այդ հայցը ներկայացնելու։ Նա պետք է դա ներկայացնելու առաջարկությամբ դիմի համապատասխան սուբյեկտին՝ օրինակ համայնքի ղեկավարին, նախարարին, մարզպետին կամ մյուսին, վերջինիս կողմից դա չարվելու դեպքում միայն դատախազությունն իրավունք ունի հայց ներկայացնել դատարան։ Այսինքն դատախազի կողմից քաղաքացու կամ որևէ այլ սուբյեկտի դեմ դատարան դիմելու իրավունքը արդեն միջնորդավորված և սահմանափակված է կոնկրետ սուբյեկտի դիմելու իրավունքով, ինչը կարծում եմ, ինքնին երաշխիք է»,- ներկայացրեց Կոստանյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտնած մտահոգություններին, հարակից զեկուցողն ասաց, որ դրանք բացարձակ կապ չունեն այս օրենքի հետ, դրանք քրեադատավարական խնդրի կարգավորման առարկա են բացառապես. «Այս օրենքն ընդունենք-չընդունենք, փոխենք-չփոխենք, դատախազության մասին օրենք չլինի էլ, ձեր ասած մտահոգությունները դրանով չեն փարատվում։ Ինչ վերաբերում է վկայակոչված փաստաթղթին, կարծում եմ, որ դուք անպայման գոնե հանրային սեփականություն կդարձնեք այդ ամենը՝ դատարան դիմելու եղանակով»:
Վերջում Գևորգ Կոստանյանը հավելեց. «Ես գտնում եմ, որ պետք է այս օրենքն ընդունել»։
Հարակից հրապարակումներ`
- Հանրության մեջ տարածված կարծիք կա, որ դատախազությունը հանցագործություն կոծկող մարմին է. Փաշինյան
- Կոստանյանը՝ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնելու մասին
- Ամեն ինչ անելու ենք, որ այս օրենքը լինի այն մակարդակով, ինչպիսի դատախազություն ուզում ենք ունենալ մենք. Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան