«Երաժշտությունը կյանք է». Լևոն Կարապետյանը ոգևորությամբ է սպասում խաչատրյանական փառատոնի համերգին
Հոկտեմբերի 19-ին Խաչատրյանի փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան (հայաստանյան պրեմիերա), ինչպես նաև՝ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը: Մենակատարն է Լևոն Կարապետյանը։
Լևոն Կարապետյանը, ավարտելով Երևանի կոնսերվատորիան, տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ երկու տարի սովորել է Ստրասբուրգի պարի և երաժշտության ակադեմիայում։ Վարպետության դասեր է անցել մեծահամբավ դաշնակահարների մոտ։ Հանդես է գալիս համերգներով, մասնակցում է մրցույթների, ինչպես ինքն է ասում՝ զբաղվում է երաժշտությամբ։
Դաշնակահար Լևոն Կարապետյանն այս օրերին արդեն Երևանում է և ոգևորությամբ սպասում է խաչատրյանական փառատոնի համերգին. արդեն մեկ տարի սովորել և փորձում է Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը հենց հայաստանյան լսարանին ներկայացնելու համար։
Լևոն Կարապետյանի մասնակցությամբ հոկտեմբերի 19-ի համերգն ունի շատ խորհրդանշական խորագիր՝ «Երաժշտությունը կյանք է»։
Panorama.am-ին դաշնակահարն ասում է, որ ամբողջությամբ համամիտ է այդ ձևակերպմանը, իր համար նույնպես երաժշտությունը կյանք է։ Լևոնի խոսքով, հրաշալի բան է, երբ նվագում ես հանդիսատեսի համար, որպեսզի մարդիկ լսեն ու բավականություն ստանան։
Լևոն Կարապետյանը, ինքն իրեն բնութագրելով, խոստովանում է, որ սիրում է աշխատել և չի հագենում աշխատանքից, անընդհատ ցանկանում է կատարելագործվել. «Սիրում եմ անընդհատ նվագել։ Եթե մի քանի օր չեմ նվագում, դա վատ է անդրադառնում ինձ վրա։ Երբ նորից նստում եմ դաշնամուրի առջև, կարծես կյանք եմ վերադառնում»։
Նա նշեց, որ շատ է սիրում լսել տարբեր կոմպոզիտորների գործեր, տարբեր երաժիշտների, տարբեր ոճերի ստեղծագործություններ, սակայն մանկուց Բախն ու Բեթհովենն իր համար առանձնահատուկ տեղ ունեն։
«Շատ սիրում եմ Շուբերտին, Շոպենին, Խաչատրյանին, Բաբաջանյանին, ռուս կոմպոզիտորների՝ Պրոկոֆև, Շոստակովիչ և այլ հեղինակների, կատարում նրանց գործերը, բայց Բախն ու Բեթհովենը ինձ ավելի հոգեհարազատ են։ Բայց դա չի նշանակում, որ մյուսներն անտեսված են»,- ասաց Լևոնը։
Երաժշտությանը համարժեք բան կա՞ դաշնակահար Լևոն Կարապետյանի համար հարցին ի պատասխան, դաշնակահարն ասաց. «Նկարչությունը, գուցե որոշակիորեն նաև՝ գրականությունը»։ Հիշեց հայտնի փիլիսոփաներից մեկի խոսքը՝ ի ծնե կույր մարդը երբևէ չի կարող պատկերացնել նկարչությունը, և հակառակը՝ ի ծնե խուլ մարդը չի կարող պատկերացնել երաժշտությունը, ապա հավելեց, որ Բեթհովենն իր ամենահանճարեղ ստեղծագործությունները՝ 9-րդ սիմֆոնիան, վերջին սոնատները գրել է այն ժամանակ, երբ կորցրել է լսողությունը։
Լևոն Կարապետյանը Ստրասբուրգում իր համերգների ավարտին միշտ կատարում է հայկական ստեղծագործություններ (Կոմիտաս, Խաչատրյան, Բաբաջանյան և այլն)։ Նրա խոսքով, դրսում շատ ջերմ է ընդունվում հայկական երաժշտությունը. «Մեր երաժշտությունը շատ մեղեդային է, ինչն էլ գրավում է ունկնդրին»։
Նա չորսամյա դադարից հետո է Երևանում հանդես գալու և առաջին անգամ՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Լևոնը հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը Երիտասարդական նվագախմբի հետ շարունակական լինի։
Հարակից հրապարակումներ`
- Ջոն Մալկովիչն անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը
- Խաչատրյանի 5-րդ փառատոնը նվիրվելու է Այվազովսկու 200-ամյակին