Վստահ եմ՝ եզրափակչում մեր տղաները կարող են ավելի բարձր գնահատականներ ստանալ. Հակոբ Սերոբյան
Մոնրեալում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը երկու մասնակից ունի՝ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) և Արթուր Դավթյանը (բազմամարտ): ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դժգոհ չէ արդյունքներից:
«Մենք հանդես էինք եկել մրցումային առաջին օրը և լարված սպասում էինք վերջնական արդյունքներին: Հարություն Մերդինյանն աշխարհի գավաթի խաղարկությունից հետո հասցրեց լավ մարզավիճակ ձեռք բերել: Նա իր բարդ վարժությունը կատարեց: Մի պահ քիչ էր մնում ընկներ նժույգից, սակայն իր վարպետության շնորհիվ կարողացավ շտկել իրավիճակն ու լավ ելույթ ունենալ: Նախատեսում ենք, որ Մերդինյանը եզրափակչում ավելի բարդ վարժություն կկատարի, սակայն դա վերջնական կորոշենք վիճակահանությունից հետո: Պայքարելու ենք մեդալի համար: Կարծում եմ՝ նա պատրաստ է:
Արթուր Դավթյանն արդարացրեց իմ սպասելիքները: Վերջապես աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մասնակից ունենք: Վստահ եմ, որ մեր տղաները եզրափակչում կարող են ավելի բարձր գնահատական ստանալ:
Վահագն Դավթյանը նույնպես լավ հանդես եկավ»,- ասել է Հակոբ Սերոբյանը:
Մարզիչը նշել է, որ թիմում տրամադրությունը շատ բարձր է և մարտական:
Աշխարհի առաջնության եզրափակչում Արթուր Դավթյանը կմրցի հոկտեմբերի 5-ին, իսկ Հարություն Մերդինյանը՝ հոկտեմբերի 7-ին: