Գումբուրդոյի հայ բնակչության նկատմամբ կիրառված ուժն անհամաչափ էր. Շիրակ Թորոսյան
Հայկական խաչքարի տեղադրման աղմկոտ պատմությունից հետո Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում այս պահին իրավիճակը հանգիստ է: Խնդիրը տեղափոխվել է հոգևոր դաշտ: Վիրահայոց թեմը և վրաց ուղղափառ եկեղեցին փորձում են հարցի լուծում գտնել: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը:
«Նախնական պայմանավորվածություն կար, որի համաձայն խաչքարը պետք է տեղադրվեր հոկտեմբերի 21-ին՝ ՏԻՄ ընտրություններից հետո, սակայն հայկական համայնքը որոշել էր ավելի շուտ տեղադրել, ինչից հետո էլ սկանդալ էր ծագել»,- նշեց ջավախքահայ պատգամավորը:
Հարցին՝ արդյոք վրացի իրավապահ ուժերը համաչափ ուժ կիրառեցին անզեն հայ գյուղացիների նկատմամբ և արժե՞ր գործը հասցնել դաժան ծեծուջարդի, Շիրակ Թորոսյանը բացասական պատասխան հնչեցրեց:
«Իհարկե չարժեր: Դա չէր բխում ոչ Հայաստանի, ոչ Վրաստանի, ոչ էլ ջավախքահայության շահերից: Կարծում եմ՝ վրացական իշխանությունները կոշտ արձագանքեցին, քանի որ նախնական պայմանավորվածությունը խախտվել էր: Թյուրըմբռնում եղավ, սա թյուրիմացություն էր, և պետք է ամեն ինչ անել՝ հետագայում կանխելու նման միջադեպերը»,- ընդգծեց ՀՀԿ-ական գործիչը՝ հավելելով, որ վիրահայ համայնքը պետք է «լեզու գտնի» տեղական իշխանությունների հետ, հարգի այն պետությունը, որտեղ ապրում է:
Հիշեցնենք, որ խաչքարի տեղադրման հետ կապված միջադեպը Ջավախքի հայաբնակ Գումբուրդո գյուղում տեղի էր ունեցել սեպտեմբերի 30-ին: Հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրելն արգելելու համար ոստիկաններն օդ էին կրակել և մահակներով դաժանաբար ծեծել տեղի հայ բնակիչներին:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՄԻՊ-ը Գումբուրդո գյուղի միջադեպով պայմանավորվածություններ է ձեռք բերել վրացի գործընկերոջ հետ
- Ախալքալաքի Գումբուրդո գյուղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներ են եղել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան