Մսի թանկացման պատճառները մեկնաբանում են մասնագետները
Վերջին շրջանում հանրապետությունում նկատվում է մսամթերքի և կաթնամթերքի թանկացում: Մասնագետները թանկացման մի քանի պատճառ են նշում. առաջինը՝ անասնակերի թանկացում, երկրորդը՝ տավարի մսի արտահանման ավելացում:
Panorama.am-ը փորձեց պարզել, թե որոնք են թանկացման պատճառները:
Մեզ հետ զրույցում թե Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, թե «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը նշեցին, որ մսի թակացման պատճառը, միանշանակ, անասնակերի թանկացումն է:
Աշոտ Հարությունյանը թանկացումը պայմանավորում է բնակլիմայական վատ պայմաններով:
«Երաշտի պատճառով խոտի քանակությունը նվազել է, ինչի հետևանքով անասնակերի գինը 15-30 տոկոսով թանկացել է: Դա էլ իր հերթին բերել է կենդանական ծագման մթերքի՝ մսի և կաթնամթերքի գների բարձրացման»,- ասաց փոխնախարարը:
Դիտարկմանը, թե ըստ մամուլի հրապարակումների, թանկացումը կապված է նաև մեծ քանակությամբ մսամթերքի արտահանման հետ, Ա.Հարությունյանը նշեց, որ արտահանումը միայն խթանում է արտադրության զարգացումը. «Պետք է չէ դա բացասական համարել, քանի որ դա խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման համար»:
Հրաչ Բերբերյանի խոսքերով էլ՝ դեռ հուլիսից ահազանգում էին, որ երաշտ է սպասվում, ուստի բնական է, որ անասնակերը կնվազեր, ինչն էլ իր հերթին կբերեր մսամթերքի և կաթնամթերքի թանկացման. «Մեր ահազանգին գյուղատնտեսության նախարարությունը չէր արձագանքում: Կարող էին երաշտ հայտարարել և կոչով դիմեին գյուղացիներին, որ օգոստոսին լեռնային գոտու կանաչ զանգվածները հավաքեին, անտառաբացատային տարածքներում առկա խոտ պահեստավորեին, բայց դա չարվեց: Այսինքն՝ որևէ միջոցառում չարեցին, որպեսզի այս վիճակից դուրս գայինք»:
Արդյունքում, ըստ նրա, եթե նախորդ տարի մեկ հակ խոտի արժեքը 400-600 դրամ էր, այսօր արդեն՝ 1200-2000 դրամ, ինչը, բնականաբար պետք է բերեր մսի, կաթնամթերքի թանկացման:
Հրաչ Բերբերյանը նշեց նաև, որ խոտի սակավությունը և թանկությունը բերում են անասնագլխաքանակի նվազման: Եթե գյուղացիները չեն կարողանում համապատասխան քանակի խոտ կուտակել, ապա անասուններին մորթում են:
«Օրինակ՝ Վարդենիսի տարածաշրջանի մի համայնքում արածացնում էին 3 հոտ՝ 400 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, այսօր՝ ընդամենը մեկ հոտ են հանում արոտի: Այսինքն՝ արդեն գլխաքանակի անկում ունենք: Նախարարությունն էլ խոստովանում է, որ անկում ունենք»,- ասաց նա:
Հրաչ Բերբերյանն առկա թանկացումը ճիշտ չի համարում նաև կապել արտահանման հետ. «600 հազար գլխի մեջ այդ 1000 գլխի արտահանումը գնի վրա ազդեցություն չէր ունենա»:
Նա նաև սխալ է համարում այն, որ փորձում են այս թանկացումը համեմատել միջազգային գների հետ, մինչդեռ, ըստ Հ.Բերբերյանի, մեր ներքին շուկան կախված չէ միջազգային գներից, եթե տվյալ մթերքն արտադրվում է Հայաստանում:
«Այսօր շատ երկրներում կարտոֆիլը թանկ է, իսկ Հայաստանում էժան է և մենք Վրաստան ենք արտահանում: Դա նշանակում է, որ միջազգային գներին չենք համապատասխանում: Այսինքն՝ չեն աշխատել և արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ մսի, պանրի, կարագի թանկացում»,- նշեց նա:
Հրաչ Բերբերյանի կանխատեսումներով՝ միգուցե այս ժամանակաշրջանում մսի և կաթնամթերքի ներկայիս գները պահպանվեն, բայց գարնանը մսամթերքի և կաթնամթերքի շուկայում կարձանագրվի 30-40 տոկոսի թանկացում:
Այս իրավիճակից դուրս գալու համար, ըստ գյուղատնտեսի, դիմել են ՀՀ վարչապետին, որպեսզի օգնության համար դիմեն միջազգային կազմակերպություններին:
«Կարող են դիմել Ռուսաստանին, ԱՄՆ-ին՝ անասնակերով Հայաստանին օգնելու համար, որպեսզի գլխաքանակի անկումը շեշտակի չլինի»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ մսամթերքի ապրանքախմբում 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 6.6%, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ 0.3% գնաճ: Ըստ ԱՎԾ-ի՝ կաթնամթերքի, պանրի ապրանքախմբում էլ 2017թ. սեպտեմբերին 2016թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 2017թ. օգոստոսի համեմատ`0.7% գնաճ:
Հարակից հրապարակումներ`
- Շուկայի պահանջարկն է գին ձևավորում. գյուղնախարարը՝ մսի թանկացման մասին
- Տավարի մսի թանկացման պատճառը Սամվել Ալեքսանյանի բիզնեսն է. «Հրապարակ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան