Կնոջը և երեխային ծեծելը մեր ազգային ավանդույթը չէ. Դավիթ Հարությունյան
«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրություն կա, երկուշաբթի օրը կդրվի հանրային քննարկման: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Ճանապարհը, որը մենք բռնել ենք, համարում ենք խիստ կարևոր և աշխարհի 120 երկիր արդեն անցել է այդ ճանապարհը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ լինում են հաճախ տարօրինակ մեկնաբանություններ օրենքի դրույթների վերաբերյալ, որոնք բացարձակապես որևէ աղերս չունեն այդ օրենքի հետ՝ մենք երկուշաբթի օրը Մատենադարանում կկազմակերպենք հանրային քննարկում»,-նշեց արդարադատության նախարարը:
Դավիթ Հարությունյանն, անդրադառնալով վիճակագրությանը, նշեց, որ պաշտոնական վիճակագրությունը ընտանեկան բռնության վերաբերյալ ինքնին անհանգստացնող է. «Իրականում կան բազում թաքնված դեպքեր, որոնք մտահոգիչ են, այդ դեպքերը բացահայտվում են տարբեր հետազոտություններով, սակայն անգամ պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ է»:
Նրա խոսքերով՝ օրենքի նախագիծը լրամշակվել է, այդ պատճառով էլ ձգձգվել է դրա քննարկումը: Իսկ նախագիծը հանրային քննարկման դնելուց հետո կներկայացվի կառավարություն, որից հետո` Ազգային ժողով:
Դավիթ Հարությունյանը նշեց նաև, որ ուսումնական աշխատանքի անհրաժեշտություն ևս կա և պետք է ստեղծեն համապատասխան կենտրոններ, բացի այդ, կկրթեն ոստիկանության համապատասխան աշխատակիցներին. «Այսինքն՝ լուրջ աշխատանք է մեզ սպասվում, բայց կարևորը օրենքն է: Նպատակը, որը դրել ենք, համարում ենք հույժ կարևոր»։
Ինչ վերաբերում է օրենքի նախագծի՝ ավանդույթներին հակասելու մտահոգությանը, ապա Դավիթ Հարությունյանն ասաց. «Եթե ենթադրում եք ազգային ավանդույթ կնոջը ծեծելը, կամ երեխային ծեծելը, ես չեմ կարող համաձայնվել, որ դա մեր ազգային ավանդույթն է, դա շեղում է մեր ազգային ավանդույթներից, քանի որ ճիշտ, ամուր, հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան