Փոխնախարար. Նորագավիթում վատ հոտի պատճառը ջրանցքն է
Նորագավիթի մի քանի տասնյակ բնակիչներ բողոքում են՝ շրջապատում նեխածի հոտ է տարածված: Դրա հետևանքով, պատուհանները մշտապես փակ են պահում: Նրանք նշում են, որ գարշահոտի հետևանքով դժվարանում են շնչել, շատացել են սրտային անբավարարության, զարկերակային ճնշման բարձրացման դեպքերը: Նրանք վատ հոտը կապում են «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի հետ:
«Վիճակի հարատևությունը կարող է ողբերգական հետևանքներ հասցնել բնակչությանը»,-նշում են բնակիչները: Նրանք խնդիրը նամակով ներկայացրել են ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանին:
Panorama.am-ի հետ զրույցում ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ պատճառը մոտակայքում գտնվող ջրանցքն է:
«Բնակիչներից ստացված նամակի հետքերով՝ հոկտեմբերի 3-ին ԱԻՆ փրկարար ծառայության և ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից Երևանի Նորագավիթ 1 հասցեում իրականացվել է համապատասխան ուսումնասիրություն: Դիտարկման ժամանակ տարածքի օդը մաքուր էր: Բնակիչների խոսքերով՝ տհաճ հոտը տեղանքում տարածվում էր բնակելի տների հարևանությամբ անցնող ջրանցքից, որին թաղամասի բնակիչների զգալի մասը միացրել է տների կոյուղիները: Դրա հետևանքով մարդկանց կենսագործունեության արդյունքում ստացվող կեղտաջրերը լցվում են ջրանցքը»,-ասաց Նազարյանը:
Նրա խոսքով, տարիների ընթացքում այն լցվել է ջրաբերուկներով և կենցաղային աղբով, ինչի հետևանքով ջրանցքի թողունակությունը նվազել է և նպաստել գարշահոտության տարածմանը:
«ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից վերցվել են տարածքի օդի և ջրանցքի ջրի նմուշներ քիմիական կազմերի որոշման համար, որի արդյունքները կներկայացվեն լրացուցիչ: Նշեմ, որ տարածքում օդի աղտոտումը չի առնչվում վերջերս «Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի հետ, ինչի մասին իրազեկվել են նաև Նորագավիթի բնակիչները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Երկիր ծիրանի» կուսակցությունը Մասիսում տարածված գարշահոտության պատճառների ու հնարավոր հետևանքների մասին հարցեր էր ուղղել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին:
Արա Նազարյանն ասաց, որ ԱԻՆ օպերատիվ խումբը, Մասիսի քաղաքապետի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան աշխատակիցները միասին Մասիս քաղաքում ևս ուսումնասիրություններ են իրականացրել:
Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել են նաև Երևանի Շենգավիթ վարչական տարածքի և Մասիս քաղաքին հարակից տարածքների կոյուղաջրերի հեռացման համակարգերը:
«Փորձաքննության արդյունքը բացառել է այն պնդումը, որ կոյուղաջրի մեջ առկա են «Նաիրիտ» գործարանում առաջացած հրդեհի արգասիքներ: Շրջակայքում տարածվող գարշահոտության պատճառը կրկին կոյուղաջրերն են»,-ասաց Ա. Նազարյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մասիսում տարածված գարշահոտությունը «Նաիրիտ» գործարանի հրդեհի արգասիք չէ. ԱԻՆ
- Մասիսի գարշահոտության մասին «Երկիր Ծիրանի»-ն հարցեր է ուղղում նախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան