ՀՀ իրավական ողջ համակարգը լուրջ է աշխատում այս ուղղությամբ. Հունան Պողոսյան
«Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել, ինչպես նաև ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործացությունը։ Այս մասին նախագիծը ներկայացնելիս հայտարարեց Հիմնական զեկուցող ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ոստիկանության պաշտոնյայից հետաքրքրվեց, թե Հայաստանն ունի՞ համապատասխան լաբորատորիա և համապատասխան մարդկային ներուժ, մասնագետներ, որպեսզի համաձայնագրի գործառույթները լիարժեք իրականացնի։
«Համաձայնագիրն ընդունվելու դեպքում 30 օրվա ընթացքում կներկայացնենք բոլոր այն իրավասու մարմինների ցանկը, կարծում եմ, որ դրանք լինելու են միմիայն մասնագետներ՝ փորձաքրեագիտական կրթությամբ»,- ասաց Հունան Պողոսյանը։
Նա նշեց, որ հետևելով այս ոլորտում ոստիկանության վերջին տարիներին կատարած աշխատանքին, կարելի է տեսնել, որ փորձել են հնարավորինս համալրվել. «Ունենք համապատասխան լուրջ մասնագետներ հատկապես քիմիայի ոլորտում, և այս բնագավառում մեզ հետաքրքրողը հիմնականում սինթետիկ թմրամիջոցներն են, և սարքավորումների ու լաբորատորիաների համալրումը ընթացքի մեջ է»։
Պատգամավորը նաև հարց հնչեցրեց, թե այս ոլորտում վերջին տարիներին մենք ինչպիսի՞ ցուցանիշներ կան, կա՞ն բացահայտված ընդհատակյա դեպքեր կամ արտադրություններ։
Ի պատասխան հիմնական զեկուցողն ասաց. «Իհարկե, Հայաստանը դիտվում է որպես տարանցիկ երկիր, քանի որ թմրամիջոցների առգրավված խմբաքանակի և ընդհանրապես դեպքերի վերլուծությունն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանց մեծ մասը նախատեսված չի եղել մեր շուկայի համար, այլ պարզ է եղել, որ արտահանվելու էին։ Չնայած միջազգային շատ հանցավոր խմբավորումներ ձեռնպահ են մնում Հայաստանի տարածքով թմրամիջոցներ դուրս բերելուց, քանի որ հասկանում են, որ ՀՀ իրավական ողջ համակարգը լուրջ է աշխատում այս ուղղությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին