Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին կմասնակցեն ավելի քան 100 ազատ ոճի ըմբիշներ
Հոկտեմբերի 6-8-ը Վանաձորում կկայանա Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 22-րդ միջազգային մրցաշարը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իրանի, Վրաստանի և Բուլղարիայի ըմբիշները։
«Այս տարի մրցաշարն անցկացվում է աշխարհի առաջնությունից հետո, այդ պատճառով համեմատաբար քիչ թիմեր են հայտավորված: Հնարավոր է՝ վերջին պահին ևս մի քանի երկրներ ավելանան:
Հայաստանը կներկայացնի մոտ 55 ըմբիշ, այդ թվում հավաքականի տղաները, բացառությամբ Գևորգի Կետոևի ու Լևան Բերիանիձեի: Ընդհանուր առմամբ մրցաշարին կմասնակցեն ավելի քան 100 ըմբիշներ»,- ասաց Արայիկ Բաղդադյանը:
Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ մրցաշարի անցկացման հիմնական նպատակը Հայաստանում ըմբշամարտի զարգացումն է.
«Այս տարի ևս մրցաշարը կկայանա Վանաձորում: Ցանկանում ենք Հայաստանում մեծացնել ըմբշամարտի աշխարհագրությունը: Վանաձորի երեխաների համար սա լրացուցիչ խթան է այս մարզաձևով զբաղվելու համար»,- նշեց Արայիկ Բաղդադյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած ըմբիշները կստանան դրամական պարգևներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան