ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ
ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում գրեթե բոլոր համայնքներում ունենալու է թեկնածուներ: Այս մասին այսօր ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքերով՝ հիմնականում տարածքային և մարզային որոշումները՝ կապված թեկնածուների հետ, Գործադիր մարմինն ընդունել է ի գիտություն: «Զարմանալի է, որ բացի ՀՀԿ-ից, առաջադրվել են համայնքապետի թեկնածուներ միայն ԲՀԿ-ից և ՀՅԴ-ից: Այսինքն՝ ընդդիմադիր ուժեր, կուսակցություններ են ավելանում, բայց մեզ համար անհասկանալի է, որ քաղաքական ուժերը, որոնք ուզում են կամ հավակնում են ունենալ լուրջ դերակատարում մեր երկրի քաղաքական կյանքում, ինչպես են առանց ՏԻՄ ընտրությունների պատրաստվում որևէ դերակատարում ունենալ: Ունենք այն, ինչ ունենք»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ սա խոսում է այն մասին, որ շատերը մարզային կառույցներում ունեն լուրջ անելիքներ. «Իսկ մենք ազատ մրցակցության կողնակից ենք և պատրաստ ենք մրցակցել թե ԲՀԿ-ից, թե ՀՅԴ-ից առաջադրված թեկնածուների հետ»։
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ-ի շանսերը, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Անհամեստություն կլինի, որ ես գնահատեմ, կխոսենք նոյեմբերի 5-ի երեկոյան: Մենք պետք է աշխատենք պահպանել մեր դիրքերն ու հնարավորության դեպքում ավելացնել ու ամրապնդել մեր դիրքերը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին ավարտվելու է թեկնածուների առաջադրման ժամկետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին