Դպրոցականները Samsung-ի աշխատակցի հետ քննարկել են բարձր տեխնոլոգիաների պատմությունն ու ապագան
Այսօր Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 դպրոցի աշակերտները Samsung ընկերության գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Խաչատրյանի հետ քննարկել են բարձր տեխնոլոգիաների զարգացման պատմությունն ու թե ինչպիսին է լինելու այն ապագայում։
Դպրոցականներին ներկայացվել են հեռախոսի, հեռուստացույցի ստեղծման պատմությունները՝ սկսած Ալեքսանդր Բելլի կողմից հեռախոսի ստեղծումից՝ մինչև վերջին սերնդի սմարթֆոներ ու թղթի նման փաթաթվող հեռուստացույցներ։
Դպրոցականների կողմից հնչեցին առաջարկներ ստեղծել այնպիսի հեռախոսներ, որոնք կլիցքավորվեն ոչ թե էլեկտրականությամբ, այլ արևային էներգիայով, կամ այնպիսիք, որոնք երբեք չեն լիցքաթափվի։ Այնինչ, պարզվեց, որ արդեն իսկ առկա է նման տարբերակ։
«Հեռախոսների համար նախատեսվում է օգտագործել ատոմային մարտկոցներ, որոնք չափազանց թանկարժեք են, սակայն կարող են գործել տասնյակ տարիներ և ունեն էներգիայի մեծ խտություն։ Սակայն այն շուկա դուրս չի բերվում, քանի որ ահաբեկիչների կողմից մի քանի նման հեռախոսների համադրումը կարող է օգտագործվել որպես ատոմային ռումբ, որի դեպքում միջավայրն աղտոտվում է ռադիոակտիվ նյութերով և դարձնում կյանքի համար ոչ պիտանի միջավայր»,-ասել է Հայկ Խաչատրյանը։
Դպրոցականներին ներկայացվել են հեռախոսների ոլորտում ամենաֆանտաստիկ գաղափարը, որի կյանքի կոչման համար մեծ ներդրումներ է կատարում Telsa-ի հիմնադիր Իլոն Մասկը․ որպես ապագա հեռահաղորդակցման միջոց, որը կարող է փոխարինել հեռախոսներին, հետազոտվում է «մտքի տրանսլիատոր» գաղափարը։
Այս դեպքում սարքավորումը սկանավորում է ուղեղը, կարդում մտքերը, ապա այն հաղորդում է ստացողին։ Այսպիսի սարքերի նախատիպերն արդեն փորձարկվում են, որոնք էլեկտրոդներ են, որ պետք է տեղադրվեն գլխի վրա։ Սակայն ապագայում այս էլեկտրոդները կարող են փոխարինվել չիպով, որը կմոնտաժվի հենց գլխում։
Հաճախ ասվում է, որ երեկոյան հեռախոսների ու պլանշետների օգտագործումը հանգեցնում է անքնության, որի պատճառներից է նաև կապույտ լույսը, քանի որ այն «սպանում» է քնի հորմոններին։ Դպրոցականներին խորհուրդ տրվեց երեկոյան հեռախոսներ օգտագործելու դեպքում այն դնել գիշերային ռեժիմի վրա՝ բացասական ազդեցությունը նվազեցնելու համար։
Ինտերակտիվ շփման արդյունքում պարզվեց, որ դպրոցականները բավական տեղեկացված են բարձր տեխնոլոգիաներ արտադրող՝ հատկապես Samsung և Apple ընկերությունների նորարարություններից ու սպասվող առաջարկներից։
Իսկ թե ինչպես է ոլորտի հսկա Samsung-ը պատկերացնում կյանքն ապագայում՝ ներկայացվեց տեսանյութով, որը տեղադրում ենք ստորև։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին