Մեր երկրում իրականացվում են տարբեր ծրագրեր գիտության ու կրթության զարգացման ուղղությամբ. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Շնորհավորում և խորին երախտագիտություն եմ հայտնում ձեր չափազանց պատասխանատու ու դժվարին աշխատանքի համար, աշխատանք, որը միշտ բարձր է գնահատվել մեր ժողովրդի կողմից: Ուսուցիչը դարեր ի վեր առանձնահատուկ տեղ է զբաղեցրել մեր հասարակության մեջ՝ վայելելով շրջապատի սերն ու հարգանքը:
Այսօր էլ դուք նշանակալի ավանդ եք բերում մեր պետության զարգացման գործում՝ կրթելով ու դաստիարակելով հայրենասեր, ժամանակին համընթաց քայլող ու հարուստ գիտելիքներով զինված սերունդ, երիտասարդներ, ովքեր իրենց հերոս հայրերի ու պապերի արժանի հետնորդներն են, նրանց սուրբ գործի շարունակողը, մեր վաղվա օրվա կերտողը:
Թանկագի՛ն բարեկամներ,
Ձեր աշխատանքը, ոլորտում առկա խնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մեր երկրում իրականացվում են տարբեր ծրագրեր գիտության ու կրթության զարգացման, ձեր աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այդ աշխատանքները կլինեն շարունակական:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի բոլոր ուսուցիչներին հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում