Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացված միջոցառումները կգնահատվեն. Վարչապետ
«Բազմիցս հայտարարել ենք կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին, և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել և իրականացվել են մի շարք առարկայական օրենսդրական, գործնական փոփոխություններ»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով հակակոռուպցիոն ոլորտում միջազգային պարտավորությունների կատարմանը:
Նրա խոսքերով՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու են մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Մասնավորապես, ըստ վարչապետի, գնահատվելու են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն գործողությունների և ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվեցիայի դեմ շրջանակներում կատարված աշխատանքները:
Հաշվի առնելով վերոնշյալի կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նշված փաստաթղթերում ամրագրված առաջարկությունները միջգերատեսչական բնույթ ունեն, Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց ամփոփել ու իրեն ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան պետական մարմինների կողմից կատարման ենթակա գործողությունների ապահովման վերաբերյալ:
Բացի այդ, վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց արդարադատության նախարարի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա նախապատրաստել վարչապետի հանձնարարականի նախագիծ՝ բոլոր շահագրգիռ մարմիններին հստակ ժամկետներում իրենց իրավասության ներքո գտնվող գործողությունների կատարման վերաբերյալ:
«Գործողությունների կատարման ընթացքի նկատմամբ կատարել խիստ հսկողություն և պարբերաբար զեկուցել ինձ»,- ասաց Կարեն Կարապետյանը: