Աշոտյան. Կոնվենցիան վավերացնելու դեպքում սնդիկ պարունակող ջերմաչափ չենք կարող ներմուծել
«Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան կից հայտարարությամբ վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հիմնական զեկուցող բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը փաստաթղթի վավերացումը կարևորագույն հարց է որակում: Կոնվենցիայի նպատակն է մարդու առողջության ու շրջակա միջավայրի պահպանությունը սնդիկի ու սնդիկի միացությունների անթրոպոգեն ազդեցությունից:
Նախարարը մանրամասն ներկայացրեց, թե ինչ հատկանիշների հետևանքով է քիմիական այդ նյութը վտանգավոր մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար:
«Սնդիկը մանրէների ազդեցության տակ կարող է վերածվել սնդիկի առավել վտանգավոր միացության՝ մեթիլ սնդիկի, որը տարածվում է սննդային շղթայում, հատկապես ջրային միջավայրում»,-հետևանքներից մեկը ներկայացրեց նախարարը:
Հայաստանի Հանրապետությունը 91 այլ երկրների հետ «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» ստորագրել է 2013 թվականի հոլկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում: Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների տեխնածին ազդեցությունից: Կոնվենցիան ստորագրել է 128 երկիր, որից 83-ն այն վավերացրել են:
Կոնվենցիան վավերացնելու դեպքում երկրները որոշակի պարտավորություններ են ստանձնում:
«Դրանցից առավել կարևոր են տեղեկատվության փոխանակման ապահովումը, տնտեսական քաղաքականության միջոցով վերացվեն սնդիկ պարունակող սարքավորումների փոխարինումն ավլի անվտանգ ու էկոլոգիապես ավելի ընդունելի սարքավորումներով: Սա նաև նախատեսում է տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն երկրների համար»,-ասաց նախարարը, ավելացնելով, որ կոնվոնցիայիհիմնական առաջ մղող երկրներն են Ճապոնիան ու Շվեյցարիան:
Սեպտեմբերին կայացած ժնևյան հանդիպման ժամանակ նրանք դրական գնահատական են տվել Հայաստանի վարքագծին, 2018-ին նախնական համաձայնությամբ ճապոնական կողմը 200 հազար դոլարի աջակցություն է ցուցաբերելու Հայաստանի սարքավորումներ ձեռք բերելու համար:
Հանրապետական պատգամավոր Կարինե Աճեմյանին հետաքրքեց, թե ինչ աշխատանքներ են տարվում սնդիկի վնասակար հետևանքների մասին իրազեկելու համար: Մինասյանն ասաց, մինչ կոնվենցիայի ստորագրումը մեծ քարոզարշավ է իրականացվել, նաև «Օրհուս» կենտրոնի կողմից:
«Մենք պետք է ձգտենք ու հասնենք այն բանին, որ սնդիկ պարունակող սարքավորումները շրջանառությունից դուրս գան ու փոխարինվեն այնպիսի սարքավորումներով, որոնք վտանգ չեն ներկայացնում»,-ասաց նախարարը:
Կոնվենցիան պարունակում է հավելված, որը սահմանել է վնասակար սարքավորումները:
Հաջորդ հարցը, որ հետաքրքրում էր Աճեմյանին, ինչ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի ճապոնական կողմի տրամադրած դրամաշնորհը ծախսվի արդյունավետ:
«Այս դրամաշնորհը սարքավորումներ ձեռք բերելու համար է: Բայց սա միակը չէ, մենք դիմելու են այլ դրամաշնորհների համար»,-ասաց Մինասյանը, ավելացնելով, որ փաթեթն արդեն ներկայացրել են ճապոնական կողմին:
«Ելք» խմբակցությունից Լենա Նազարյանն էլ նկատեց, որ Հայաստանում ոչ մի անգամ հողում սնդիկի աղտոտվածության վերաբերյալ մոնիտորինգ չի արվել:
Մինասյանը նշեց, որ միասնական մոնիտորինգային համակարգ պետք է ստեղծվի, որովհետև քիմիական այդ նյութն արագորեն տարածվելու հատկություն ունի՝ հողից ջուր, ջրից բույսեր և այլն: Նախարարի խոսքով, բացերը լրացնելու համար աշխատում են հասարակական կազմակեպությունների ու գիտական շրջանակների հետ:
Օրինագծի հարակից զեկուցող պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ կարևորեց կոնվենցիայի վավերացումը՝ բնապահպանական, առողջապահական, շրջակա միջավայրի պահպանության գործում երկրի դրական իմիջի առումներով:
«Անգամ կենցաղային մակարդակով մենք բազմաթիվ խնդիրներ ենք տեսնում: Օրինակ մեր տնային տնտեսուհիները փոշեկուլով կամ ավելով փորձում են հավաքել կոտրած ջերմաչափի կամ ճնշման գործիքի կտորները, ինչը վտանգավոր է: Կոնվենցիայի վավերացումով Հայաստանը պետք է հրաժարվի սնդիկ պարունակող նման սարքավորումների ներմուծից կամ արտադրությունից»,-ասաց Աշոտյանը:
Նա նշեց, որ լուրջ մտահոգություններ կան կապված մանկական խաղալիքների վերաբերյալ, քանի որ ներկերի մեջ սնդիկի պարունակություն կա ու տոքսիկ ազդեցություն է ողնում աճող օրգանիզմի վրա:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտում» սնդիկի կուտակման վայրը վարակազերծվել է փրկարարների օգնությամբ
- ԱԱԾ-ն մետաղական սնդիկի ապօրինի վաճառք է կանխել
- Անհրաժեշտ է հետազոտել սնդիկի հիմնախնդիրը երկրում. Արամայիս Գրիգորյան
- Սնդիկից թունավորված երեխայի վիճակը կայուն է
- Ա. Գրիգորյանը Ճապոնիայի դեսպանին է ներկայացրել սնդիկի հիմնական աղբյուրների բացահայտման ծրագրերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին