Լուվրը բացումից մի քանի շաբաթ առաջ հրաժարվել է մարդանման հսկաներից
Լուվրը բացումից երկու շաբաթ առաջ հրաժարվել է Թյուիլրի այգիներում ծրագրված պրովոկացիոն ցուցահանդեսից: Նյուզու.քոմ կայքը գրում է, որ «Դոմինիկատոր» կոչվող քանդակը պատրաստել է Atelier Van Lieshout թիմի կողմից: Այն պատկերում է 30 տոննա քաշով ու 12 մետր բարձրությամբ մարդանման հսկաների՝ ուշագրավ դիրքով: Վերջին երեք տարվա ընթացքում քանդակը ցուցադրվել է Գերմանիայում: Փարիզում այն պետք է ներկայացնեին հոկտեմբերի 19-ին, սակայն Լուվրի ղեկավարությունը մտափոխվել է: Տնօրենը նամակ է ուղարկել ինստալյացիայի հեղինակներին, որում նշվում է, որ քանդակը «դաժան բնույթ ունի» և կարող է անհասկանալի լինել այգիների այցելուների համար:
Fiac ժամանակակից արվեստի տոնավաճառի կազմակերպիչները, որոնք նախապատրաստում էին ցուցադրությունը, մտահոգություն են հայտնել այդ որոշման կապակցությամբ: Նրանք կարծում են, որ արվեստի գործի ցուցադրման արգելքը կվնասի մյուս նկարիչներին:
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015 թվականին Վերսալում մեծ հաջողությամբ ցուցադրվել է հնդկական ծագմամբ բրիտանացի նկարիչ Անիշ Կապուրի «թագավորական հեշտոց» անվանումը ստացած պրովոկացիոն աշխատանքը: 10 մետրանոց քանդակը երկու անգամ ենթարկվել էր վանդալների հարձակմանը: Ժամանակակից արվեստի ցուցահանդեսները Փարիզում անցկացվում են 2008 թվականից: