Հանքարդյունաբերության ոլորտում թվերը համադրելի չեն. տնտեսագետ
«Իշխանությունը հանքարդյունաբերության ոլորտի մասին հիշում է այնքանով, որքանով այս կամ այն ծրագրի շուրջ ՀԿ-ների կամ լրատվամիջոցների կողմից երբեմն դժգոհության ալիք է բարձրանում: Սակայն հետևողական աշխատանք չի ներկայացվում: Ամբողջական պատկեր չկա»,-լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Նաև նշեց, որ ոլորտի ամբողջական պատկեր չկա դեռ 2000-ականներից:
«Որքան հետ ենք գնում, այնքան համադրելի թվեր չեն ստացվում: Վիճակագրական ծառայությունը և մաքսային ծառայությունը իրարից տարբերվող թվեր են ներկայացնում: Օրինակ, եթե փորձենք հասկանալ՝ որքան ոսկի ենք ստացել այս տարիների ընթացքում, չենք կարող:
Պղնձի շուկայի թվերը մի կերպ հնարավոր է հաշվել: 2000 թվականին պղնձի մեկ տոննան արժեր 2200 դոլար, այժմ վաճառվում է 6700 դոլարով: Ռեկորդայինն այս առումով 2010 թվականն է, երբ պղնձի մեկ տոնն արժեր 10 հազար դոլար: Պարզ է, որ այս գնի պարագայում գերշահույթ են ստացել, բայց թե ինչ նպատակներով են այդ գումարները ծախսվել, հայտնի չէ»,-ասաց տնտեսագետը:
Վահագն Խաչատրյանը հիշեցրեց, որ 2016 թվականին արտահանվել է 239 միլիարդ դրամի պղինձ, 2015-ին՝ 290 միլիարդ և 2014-ին՝ 193 միլիարդ:
«Մեզ մոտ ամենամեծ խնդիրը նրանում է, որ ինտենսիվ արդյունահանում կազմակերպելը հիմնական նպատակ չի դառնում: 2016 թվականին Հայաստանում արտադրվել է 69 հազար տոննա պղինձ»,- նշեց տնտեսագետը:
Հարակից հրապարակումներ`
- Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. «Ժողովուրդ»
- Գագիկ Ծառուկյանը ցանկանում է Քուվեյթի շեյխին ներգրավել հանքարդյունաբերության ոլորտ. «Ժամանակ»
- Այս տարվա առաջին կիսամյակում սկսել են դանդաղել հանքարդյունաբերական աճի ծավալները. «Ժողովուրդ»
- Հանքարդյունաբերությունն արտահանման կարևոր աղբյուր է և տնտեսական աճը պայմանավորող կարևոր գործոններից մեկը. ՀԲ պաշտոնյա