Չերյոմին. Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով
«Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Մոսկվա արտահանման ծավալն աճել է 40 տոկոսով, ինչն առաջանցիկ ցուցանիշ է մյուս երկրների համեմատ»,-նման թվեր է հրապարակել Մոսկվայի կառավարության նախարար, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը Երևանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը:
Սերգեյ Չերյոմինը ներկայացրել է Մոսկվայում տնտեսական քաղաքականության ներկայիս ուղղությունները և ներդրումային ծրագրերը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Կարեն Կարապետյանը կարևորել է արդյունավետ գործակցությունը շարունակելուն և ապրանքաշրջանառության ծավալի ավելացմանն ուղղված կոնկրետ քայլերի ձեռնարկումը:
Վարչապետն անդրադարձել է կառավարության կողմից գերակա համարվող մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, խոսել Հայաստանի՝ որպես տարբեր երկրների շուկաներ իրար կապող հարթակի հնարավորությունների մասին և առաջարկել դիտարկել ներդրումային ծրագրերի հեռանկարները: