«Արենի» փառատոնին ընդառաջ՝ մեկնարկել է հայկական շուրջ 100 տեսակի գինիների համտես-մրցույթ
«Արդեն 9-րդ անգամ մենք կազմակերպում ենք «Արենի» գինու փառատոնը, որի շրջանակում այս տարի ունենք պատվավոր հյուրեր և առաջին անգամ Երևանի գինու ակադեմիայի հետ համատեղ անցկացնում ենք չափազանց կարևոր միջոցառում՝ գինիների համտես-մրցույթ, որը նպաստում է հայկական գինու զարգացմանը և ճանաչելիությանը»,- գյուղնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, կարևորելով գինու փառատոնի անցկացումը, ընդգծել է. «Շատ ուրախ ենք, որ այս տարի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ կարող ենք փոքր-ինչ թեթևացնել փառատոնի կազմակերպիչների հոգսը՝ առավել պրոֆեսիոնալ և ներկայանալի դարձնելով այն: Հուսանք, որ տարեցտարի այն առավել հաջողված կլինի: Նման միջոցառումները նպաստում են ոչ միայն հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը, այլև օգնում են զարգացնել գինու մշակույթը ներքին շուկայում, վերականգնել գինի խմելու երբեմնի տարածված ավանդույթը Հայաստանում: Մենք հրավիրել ենք նաև գինու ոլորտը լուսաբանող միջազգային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնց փառատոնի շրջանակներում կներկայացնենք մեր մշակույթը: Գինեգործության զարգացման համար չափազանց կարևոր են նաև համտես-մրցույթները, բարձր ճանաչում ունեցող գինու մասնագետների կարծիքները և գնահատականները հայկական գինիների որակի վերաբերյալ»:
Համտես-մրցույթի ընթացքում հայկական գինիները գնահատել են գինու միջազգային առաջատար փորձագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Հունաստանից և Ֆինլանդիայից:
Մասնավորապես գերմանացի գինեգործ Քրիստիան Քլոսը բարձր է գնահատել հայկական խաղողի յուրահատուկ տեղածին սորտերի բազմազանությունը` նշելով. «Շատ երկրներ գինու արտադրության մեջ օգտագործում են աշխարհում հայտնի ու տարածված սորտեր, մինչդեռ Հայաստանում գինեգործության մեջ շեշտը դրվում է էնդեմիկ սորտերի վրա՝ ընդգծելով հայկական գինիների յուրահատկությունը: Նաև ողջունում եմ աշխարհի տարբեր երկրներում կրթություն ստացած հայ երիտասարդ մասնագետներին, որոնք վերադարձել են հայրենիք՝ տեղում գինեգործությունը զարգացնելու նպատակով»:
Երևանի գինու ակադեմիայում դեռևս շարունակվում է հայկական 21 գինեգործական ընկերությունների շուրջ 100 տեսակի գինիների համտեսը, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ հոկտեմբերի 7-ին, «Արենի» փառատոնի ընթացքում: