ԲՀԿ-ն թեկնածուներ է առաջադրել վեց համայնքներում
Նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում ՀՀԿ-ից բացի միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որ թեկնածուներ է առաջադրել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ԲՀԿ-ն թեկնածուներ է առաջադրել Գեղարքունիքի Վարդենիս, Կոտայքի մարզի Բյուրեղավան, Շիրակի մարզի Ախուրյան, Անի, Սյունիքի Սիսիան, Վայոց Ձորի Արենի համայնքներում:
Վարդենիսում այս քաղաքական ուժն առաջադրել է «Նար Գրուպ» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Սմբաթ Սիմոնյանի թեկնածությունը: Այս համայնքում չորս թեկնածու կա, գործող քաղաքապետ Վոլոդյա Խլոյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն:
Կոտայքի մարզի Բյուրեղավանում համայնքում գործող համայնքապետ անկուսակցական Հակոբ Բալասյանին սատարում է ԲՀԿ-ն: Այստեղ մյուս թեկնածուն անկուսակցական Հայկ Եղյանն է:
Շիրակի Ախուրյան խոշորացված համայնքում առաջադրված 6 թեկնածու կա, որից 5-ն ինքնառաջադրված են: ԲՀԿ-ն այստեղ սատարում է Կարեն Սերգոյանին, ով գազի գրասենյակի աշխատող է: Ինքնաառաջադրված է նաև համայնքի նախկին ղեկավար դաշնակցական Արծրուն Իգիթյանը:
Շիրակի մարզի խոշորացված Անի համայնքում 7 թեկնածու է առաջադրված: Այստեղ ՀՀԿ-ն կսատարի Մարալիկի նախկին ղեկավար Մարատ Գևորգյանին, իսկ ԲՀԿ-ն՝ Հակոբ Աղաբեկյանին:
Սյունիքի Սիսիան քաղաքում երեք թեկնածու է առաջադրվել: Նրանցից անկուսակցական Սիրաս Ստեփանյանն ինքնաառաջադրված է, ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետ Արթուր Սարգսյանի, ԲՀԿ-ն՝ Կարեն Համբարձումյանի թեկնածությունը:
Վայոց Ձորի Արենի համայնքում էլ նույն պատկերն է: Երեք թեկնածուներից մեկը՝ անկուսակցական, Արենիի նախկին գյուղապետ Րաֆֆի Խաչատրյանն ինքնաառաջադրված է, ՀՀԿ-ն սատարում է Ռինդ գյուղի նախկին գյուղապետ Հուսիկ Սահակյանին, ԲՀԿ-ն՝ Արփիի նախկին գյուղապետ Ռազմիկ Վարդանյանին:
Հարակից հրապարակումներ`
- Գրեթե բոլոր քաղաքներում ՀՀԿ-ն թեկնածուներ է առաջադրել
- Գեղամասարում ՀՀԿ-ն կին գործիչ է առաջադրել
- Կուսակցության ղեկավարը՝ գյուղապետի թեկնածու
- Նոյեմբերի 5-ին 52 բնակավայրում համայնքապետ են ընտրելու
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին