Պեդրո Ագրամունտը խուսափեց նվաստացման վերջին արարից. Նաիրա Զոհրաբյան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Պեդրո Ագրամունտն իր քաղաքական բժիշկների հորդորով խուսափեց նվաստացման վերջին արարից, որը տեղի էր ունենալու հոկտեմբերի 9-ին՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացման օրը։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
«Կոռուպցիոներները, լոբբիստները չպետք է տեղ ունենան միջազգային հեղինակավոր կառույցներում։ Հոկտեմբերի 9-ին դրվելու էր Պեդրո Ագրամունտի քաղաքական տապանաքարը, ուստի իր քաղաքական բժիշկների հորդորով (վստահ եմ, որ նա առողջական խնդիրներ չունի, նրա միակ խնդիրը բարոյականության հետ է) փորձ արեց խուսափել նվաստացման վերջին ակորդից։ Սակայն սա, ինչպես ասում են, վերջի սկիզբն է։ Պանդորայի արկղը բացված է։ Մենք տեսնում ենք, որ եվրոպական տարբեր կառույցներում հանրային-քաղաքական հստակ պահանջ է ձևավորված՝ մինչև վերջ բացահայտել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Ադրբեջանական լվացքատան» մեծ և փոքր դերակատարներին՝ վերջիններիս կանչելով պատասխանատվության»,- ասաց մեր զրուցակիցը։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ինչպես ինքը՝ Պեդրո Ագրամունտը, այնպես էլ եվրոպական մյուս կառույցների ագրամունտներն այլևս չեն խուսափելու հստակ պատասխանատվությունից։ Որպես թարմ օրինակ՝ ԵԽԽՎ-ում հայ պատվիրակը հիշեցրեց բելգիացի պատգամավոր Ալան Դեստեկսին, որը, լինելով Ալիևի «մշտական հաճախորդը», օրեր առաջ վայր դրեց ԵԽԽՎ պատգամավորության մանդատը և այժմ բելգիացի իրավապահներին վկայություններ է տալիս տարիներ շարունակ Ադրբեջանի նախագահի կողմից ստացված կաշառքների մասին։
«Ագրամունտներն ամենուր են, բայց վստահաբար, ենթարկվելու են լրջագույն պատասխանատվության։ ԵԽԽՎ-ում հունիսին ստեղծված անկախ դատավորների հանձնաժողովը կարողանալու է քննել Ագրամունտի նման գործիչների և Ալիևի մութ գործարքները։ Իհարկե, որևէ երաշխիք չկա, որ կոռուպցիոն սկանդալների բացահայտգումները քաղաքական մյուս գործիչներին հետ կպահեն գայթակղությունից։ Նավթադոլարներն աշխարհում ամենաուժեղ դոպինգներից մեկն են, որից կախվածությունը նույնքան անհաղթահարելի է, որքան մյուս թմրամիջոցներից»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամը նաև հիշեցրեց, որ աշնանային նստաշրջանում ԵԽԽՎ-ն քննարկելու է մեկ այլ նախագիծ ևս, որով ցանկացած լոբբիստ ենթարկվելու է խստագույն պատասխանատվության։
Վերջում Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Եվրոպայի խորհուրդը առհասարակ պետք է իր կազմից Ադրբեջանին վտարելու գործընթաց սկսի։
«Երկու օր առաջ՝ ԵՄ քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևը բառացի հայտարարեց. «Եթե Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի խորհրդից, ոչ ոք դրա կարևորություն չի տա։ Մեր կյանքում ոչինչ չի փոխվի, մենք ոչ ավելի լավ կապրենք, ոչ ավելի վատ, ոչ ավելի հարուստ կլինենք, ոչ ավելի աղքատ»։ Եվ նման հայտարարություն անում է ԵԽ անդամ երկրի նախագահը։ Հիմա ես հարց եմ ուղղում ԵԽ ղեկավարությանը։ Նման հայտարարությունից հետո արդյոք չպե՞տք է քննարկել Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդից վտարելու հարցը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան