Ակնաբուժությունը, սեռական առողջությունն ու ուռուցքաբանությունը՝ մեկ համաժողովում
«Հոկտեմբերի 13-15-ը Ծաղկաձորում բժշկական գիտաժողով կանցկացվի, որն իր ձևափաչով ավելի շատ փառատոնի կնմանվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Աբովյանը։
Նրա խոսքով, գիտաժողովն իր տեսակով ու մասշտաբներով աննախադեպ է, բազում ուղղություններ են ներգրավված լինելու. «Հիմնական ուղղությունները լինելու են թերապիան, ուռուցքաբանությունը, տղամարդու և կնոջ սեռական առողջությունն ու ակնաբուժությունը»։
ԵԲՀԱ-ի փոխնախագահի խոսքով՝ ամենակարևոր նպատակներից մեկը մասնագիտական ունակությունների բարձրացման դասընթացներն են, որոնք տեղացի մասնագետներին կներկայացնեն արտասահմանից ժամանած մասնագետները, կլինի նաև փորձի փոխանակում։
Հանդիպմանը ներկա Երիտասարդ ակնաբույժների ասոցիացիայի անդամ Արմեն Մանուկյանը հայտնեց, որ կլինեն ակնաբուժության ոլորտի մասնագետներ Կիևից, Սալոնիկից, Մոսկվայից, որոնք կքննարկեն ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Սարգիս Աբովյանը հավելեց, որ ասոցիացիաների մակարդակով շատ սերտ շփում ունեն Արցախի կոլեգաների հետ, ովքեր ևս կմասնակցեն այս միջոցառմանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ աջակցություն են ստանում առողջապահության նախարարությունից։
«Աջակցությունը հիմնականում վերաբերմունքի և գովեստի տեսքով է։ Ինչ վերաբերում է ֆինանսական աջակցությանը՝ անձամբ ես կողմնակից չեմ, որ բյուջետային գումարների հետ գործ ունեցող հիմնարկները օգնեն մեզ, մենք երբեք չենք դիմել և դրա նպատակահարմարությունը չենք տեսնում»։