Գրեթե բոլոր քաղաքներում ՀՀԿ-ն թեկնածուներ է առաջադրել
Նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր քաղաքներում թեկնածուներ է առաջադրել: Հիմնականում քաղաքական ուժի աջակցությունը ստացել են գործող քաղաքապետերը, չնայած կան դեպքեր, երբ գործողներն ընդհանրապես չեն առաջադրվել:
ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, Արարարատ քաղաքում առաջադրվել է երկու թեկնածու: Գործող քաղաքապետ Հայկ Հայկյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն: Նրա միակ մրցակիցն ինքնաառաջադրված անկուսակցական Արտյոմ Պողոսյանն է:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀԿ-ն առաջադրել է գործող համայնքապետ Յուրիկ Ավալյանին: Նրա հետ առաջադրված են ՀՀԿ-ական Վիգեն Սահակյանը, ով Ճամբարակի կազմի մեջ մտած Թթուջուր համայնքի նախկին ղեկավարն է, և անկուսակցական Վազգեն Ադամյանը:
Վարդենիս քաղաքում հինգ թեկնածու է առաջադրված: ՀՀԿ-ն առաջադրել է համայնքի գործող ղեկավար Վոլոդյա Խլոյանին: ԲՀԿ-ն առաջադրել է անկուսակցական Սմբաթ Սիմոնյանին: ՀՀԿ-ական երկու թեկնածուներ՝ Արամ Հարությունյանն ու Կարեն Մկրտչյանը, ինչպես նաև անկուսակցական Պարգև Խչեյանն ինքնաառաջադրված են:
Լոռիում համայնքապետ են ընտրելու չորս քաղաքում: Ստեփանավանում ՀՀԿ-ն առաջադրել է գործող համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանի թեկնածությունը: Նրա հետ առաջադրվել է անկուսակցական Արտակ Կիրակոսյանը:
Տաշիրում ևս ՀՀԿ-ն սատարում է գործող քաղաքապետ Էդգար Արշակյանին: ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածու՝ Գարիկ Սոլոյանն ինքնառաջադրված է:
Ախթալայում երեք թեկնածու է առաջադրված: Հանրապետական կուսակցություննայս անգամ էլ առաջադրել է գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի թեկնածությունը: ՀՀԿ-ական Արկադի Թամազյանը, ով Ճոճկանի նախկին գյուղապետն է, և անկուսակցական Սուրեն Թամազյանն ինքնառաջադրվել են:
Ալավերդիում գործող համայնքապետը չի առաջադրվել: ՀՀԿ-ն այստեղ սատարելու է Լոռու մարզպետարանի Կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանի թեկնածությունը: Նրա հետ առաջադրված է անկուսակցական Սուրեն Թամազյանը:
Գործող քաղաքապետը չի առաջադրվել նաև Արագածոտնի մարզի Ապարան համայնքում: Այստեղ ՀՀԿ-ն առաջադրել է «Գնթունիք»-ի հիմնադիր տնօրեն Կարեն Եղիազարյանի թեկնածությունը: Նրա հետ առաջադրվել է նույն ընկերության ավագ հաշվապահը՝ անկուսակցական Հովհաննես Ալեքսանյանը:
Տավուշի մարզի Բերդ քաղաքում ՀՀԿ-ն որևէ թեկնածու չի առաջդրել: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու ցանկություն են հայտնել 4 թեկնածու՝ Բերդի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Մանուչարյանը, ՀՀԿ-ական Ավետիք Ադամյանը, անկուսակցական Կարեն Շահնազարյանը, ով Արծաբերդի նախկին գյուղապետն է, և անկուսակցական Սասուն Սաֆարյանը, ով եղել է Այգեձորի գյուղապետը:
Սյունիքի մարզի Քաջարան, Կապան, Սիսիան համայնքերում ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետների թեկնածությունը: Սիսիան ԲՀԿ-ն առաջադրել է Կարեն Համբարձումյանի թեկնածությունը:
Թեկնածուների գրանցումը կկատարվի հոկտմբերի 6-ից 11-ը մինչև ժամը 18:00-ն: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 3-ը ժամը 24:00-ն:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 66 համայնքներում, իսկ Արարատի մարզի Արտաշատ, Լոռու մարզի Շիրակամուտ և Սյունիքի մարզի Գորիս համայնքներում անցկացվելու են արտահերթ ընտրություններ: Նշված համայնքներից 15-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 17 համայնքում` միայն ավագանու անդամի, և 37 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամասարում ՀՀԿ-ն կին գործիչ է առաջադրել
- Կուսակցության ղեկավարը՝ գյուղապետի թեկնածու
- ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն գրեթե բոլոր համայնքներում կունենա թեկնածուներ
- Նոյեմբերի 5-ին 52 բնակավայրում համայնքապետ են ընտրելու
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան