Օդանավակայան, պիցցայի գործարան, կինոթատրոն. Կապանում կյանքն աշխուժանում է
Սյունիքի մարզկենտրոն Կապանի մասին մարզպետ Վահե Հակոբյանը միանգամից մի քանի ուրախ լուր է հայտնում:
Մեկնարկել են օդանավակայանի վերանորոգման աշխատանքները, դրանց արժեքը կազմում է 2 մլն դոլար: Արդեն պայմանագիր ունեն չեխական ավիաընկերության հետ` L-410 մակնիշի ինքնաթիռը գնելու վերաբերյալ: 5.5 մլն եվրո արժողությամբ 19 տեղանոց ինքնաթիռը թռիչքներ է կատարելու Կապանից Երևան ու հակառակ ուղղությամբ: Այն Հայաստանում կլինի հաջորդ տարվա գարնանը:
«Ինքնաթիռի գնի 1.5 միլիոն եվրոն իր վրա է վերցրել Պղնձամոլիբդենային կոմբինատը, մյուս գումարը լիզինգի տեսքով է լինելու», -լրագրողների հետ հանդիպմանը ասել է մարզի ղեկավարը:
Մարզի ղեկավարը վստահեցնում է, որ օդանավակայանի վերագործարկումն իրենց համար բիզնես ու կոմերցիոն ծրագիր չէ, նպատակ ունի Սյունիք հասնելը հեշտացնել, մարզում կյանքը ակտիվացնել: Մայրաքաղաքից հարավային մարզ ինքնաթիռով հասնելը նախնական հաշվարկներով կարժենա 30-40 հազար դրամ, ավելի ցածր գներ կսահմանվեն ուսանողների, առողջական խնդիրներ ունեցող ու Երևան շտապ հասնելու կարիք ունեցողների տոմսերի համար:
Սյունեցուն հայրենիքում պահելու, աշխատանքով ապահովելու, նպատակով մարզկենտրոնում պիցցայի գործարան են բացելու: Այն կունենա 30-100 աշխատատեղ:
«Միտքն իտալացի գործարար Նիկոլա Դի Մաուրոյիին է», - ասել է մարզպետը:
Իտալացի մասնագետները տարածքն արդեն ընտրել են, վարձակալել, աշխատանքներն ավարտական փուլում են, սարքավորումները բերվել են պիցցայի հայրենիքից, հայկական պիցցան կարտահանվի Ռուսաստան: Ընդհանուր առմամբ, ներդրումների ծավալը կազմել է 300 հազար դոլար:
«Պատրաստվելու է 12 տեսակի պիցցա: Արտադրությունը սկսելու են 200 հազարից ու հասցնելու են ամսական 500 հազար», - մանրամասնեց Վահե Հակոբյանը:
Սյունիքի զարգացման ու ներդրման հիմնադրամը նույնպես ցուցաբերել է իր
աջակցությունը, իսկ ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ընդլայնել գործարանի արտադրությունը:
Հաջորդ լավ լուրը մշակութային է: Կապանում շուտով կինոթատրոն է գործելու, որը տեղակայված է քաղաքի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ «Կապան մոլ»-ում: Հանգստյան օրերին սոցիալապես անապահով ընտանիքների անդամների համար կինոթատրոնը լինելու է անվճար:
«Կապանում կինոթատրոն գործել է խորհրդային տարիներին, իսկ նախորդ 25 տարիների ընթացքում բնակիչները կինոթատրոնում ֆիլմեր դիտելու հնարավորություն չեն ունեցել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Այս ծրագիրն էլ միտված է հատկապես երիտասարդների առօրյան ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելուն: Մարզպետը հույս ունի կինոթատրոնը Ամանորին քաղաքին նվեր կլինի:
Ընդհանուր առմամբ Սյունիքի մարզը կառավարություն է ներկայացրել ներդրումային ութ ծրագիր` ընդհանուր 12.2 մլրդ դրամ արժողությամբ:
«Ծրագրերից երկուսն արժանացել են հավանության, երկուսն էլ գյուղատնտեսության ոլորտին է վերաբերում»,-ներկայացրեց Վահե Հակոբյանը:
Դրանցից մեկը սառնարանային տնտեսության հիմնելու վերաբերյալ է, մյուսը` MTS ծրագրին, որն իրենից ներկայացնում է մեխանիզատորական սերվիս կենտրոններ: Հիմա գումարի ձեռքբերման վերաբերյալ բանակցություններն են ընթանում: Վահե Հակոբյանը հուսով է, որ մոտ ապագայում մարզում կհեշտացվի բոլորի կյանքը:
Առողջապահության, կրթության ոլորտներից էլ նորություններ կան: Մարզպետի աջակցությամբ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից բացվել է «Հայկական ակնաբուժության նախագծի Կապանի մարզային ակնաբուժական կենտրոն»-ը: Կենտրոնի տնօրեն Կարեն Միքայելյանի խոսքով, կենտրոնը զինված է ակնաբուժական բնագավառում ախտորոշիչ և վիրահատական միջամտությունների իրականացման հնարավորություն ընձեռող ժամանակակից բժշկական սարքավորումներով:
«Կենտրոնը ակնաբուժական ժամանակակից ծառայություններ կարող է մատուցել մարզի ողջ բնակչությանը: Միայն 2017-ի սեպտեմբերի 27-ին և 28-ին կազմակերպված բաց դռների օրերին հրավիրված բժիշկ-ակնաբույժի կողմից կատարվել են բազմաթիվ խորհրդատվություններ և 30 վիրահատական միջամտություն, որից 24-ն անվճար», - ասաց նա:
Կարեն Միքայելյանը վստահեցրեց, որ Կապանում աչքի վիրահատությունը կրկնակի ավելի մատչելի է, քան Երևանում: Բացի Սյունիքի բնակիչներից կենտրոնի ծառայություններից օգտվում են նաև արցախցիները:
Ինչ վերաբերում է կրթությանը, ապա մարզի բոլոր դպրոցների ինֆորմատիկայի դասարանները ԿԲ-ի ու մարզպետարանի շնորհիվ վերազինվել են համակարգիչներով: Մարզպետի նախաձեռնությամբ մարզի բոլոր դպրոցներին տրամադրել են օդամղիչ զենքեր, որպեսզի ռազմական ուսուցումը ավելի առարկայական լինի: Սահմանամերձ մարզի բնակիչներին դա ամենից շատն է պետք: Մարզի բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար մարզպետը սահմանել է կրթաթոշակ` 280 հազար դրամի չափով: Վերջին անգամ 89 ուսանող է կրթաթոշակ ստացել: Բացի այդ դրսում ուսումը շարունակել ցանկացող ուսանողների հետ կնքում են պայմանագրեր: Գործում մասնագիտացած երիտասարդները պարտավորվում են տասը տարով մարզ վերադառնալ:
«Կադրային լուրջ խնդիր ունենք, մասնագիտական սով է մեզ մոտ», - ասաց Վ. Հակոբյանը:
Այս ոլորտում մարզպետը ձեռնամուխ է եղել առկա մի խնդրի վերացմանը:
«Դա մայր-աղջիկ-տղա-բարեկամ-խնամի-քավոր-սանիկ կապն է: Դպրոցներ ունենք, որ մենակ ինչ-որ բարեկամական կոլեկտիվ է աշխատում, ինչն անթույլատրելի է», - ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին