Վրաստանի հայկական դպրոցները ստացել են հայոց լեզվի և գրականության նոր դասագրքեր
Վրաստանի հայկական դպրոցները 4 տարի ընդմիջումից հետո ստացել է հայոց լեզվի և գրականության նոր դասագրքեր: jnews.ge-ի հաղորդմամբ, Վրաստանի կրթության և գիտության նախարարության և Հայաստանի սփյուռքի նախարարության բանակցությունների արդյունքում Վրաստանի հայկական դպրոցների աշակերտները այսուհետ կսովորեն նոր դասագրքերով: Նոր ուսումնական տարվա սկզբին Վրաստանի ԿԳ նախարարությունը Հայաստանից ստացել է առաջինից մինչև իններորդ դասարանների աշակերտների համար: Ընդհանուր առմամբ, Հայաստանի սփյուռքի նախարարությունը 19 017 կտոր գիրք է ուղարկել:
Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից հայտնել են, որ շրջանի 65 դպրոցներին անվճար բաժանվել է դպրոցական դասագրքեր, այդ թվում և նոր հայկական գրքեր: Ախալքալաքը ստացել է հայոց լեզվի և գրականության նոր 8 738 կտոր գիրք:
«Ուսումնական տարվա սկզբում ԿԳ նախարարությունից ստացանք նամակ, որ հայոց լեզվի և գրականության դասագրքեր են ստացել Հայաստանից: Հիմա արդեն դասագրքերը բաժանվել է աշակերտներին, բոլոր դպրոցներին անխտիր, ըստ անհրաժեշտ քանակի:
Տեղեկանում էինք դպրոցներից, որ գրքերը վատ վիճակում են և անհրաժեշտ են նոր դասագրքեր, հետևաբար այդ պրոբլեմային հարցը նույնպես լուծվեց»,-ասել է Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը:
2013 թվականից Ջավախքի հայկական դպրոցները հայոց լեզվի և գրականության դասագրքերով չէին համալրվել: Վերջին անգամ Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի և գրականության դասագրքեր ստացել էին 2015 թվականի դեկտեմբերին, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվել էին, չէր համապատասխանում ուսումնական ծրագրին, այդ իսկ պատճառով էլ չէին բաժանվել աշակերտներին: Այդ ժամանակ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը 5 265 դասագիրք էր ուղարկել Վրաստանի հայկական դպրոցների աշակերտներին:
Ախալքալաքի շրջանում կա 65 դպրոց, որից 55-ը հայկական է, 7-ը՝ վրացական, 1-ը՝ ռուսական և 2-ը խառը` հայ-վրացական ուսուցմամբ: Այդ դպրոցներում ընդհանուր սովորում է 7176 աշակերտ: